211652_close_icon

Վաղարշապատի ընտրություններին մասնակցող ուժերի ֆինանսական տվյալները ԿԿՀ կայքում բացակայում են. «Ականատես» դիտորդական առաքելություն

views-count2530 դիտում article-date 13:21 23-10-2025
«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժողովրդավարական ընտրությունների կարևոր նախապայմաններից է քաղաքական ուժերի ֆինանսավորման թափանցիկությունը։ 

«Ժողովրդավարական ընտրությունների կարևոր նախապայմաններից է քաղաքական ուժերի ֆինանսավորման թափանցիկությունը։

ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցման ժամկետի ավարտից մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) տվյալներ են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ: ԿԿՀ-ն ամփոփում է այդ տվյալները, կազմում տեղեկանք և հրապարակում իր կայքում։

Այս փոփոխության առաջին կիրառությունը պետք է լիներ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում։ Ամփոփ առաջին տեղեկանքը պետք է հրապարակված լիներ հոկտեմբերի 20-ին, իսկ երկրորդը՝ այսօր, մինչդեռ համապատասխան տեղեկանքները ԿԿՀ կայքում առկա չեն։ Մեր բանավոր հարցմանն ի պատասխան ԿԿՀ-ն պարզաբանեց, որ բանկերը տվյալներ իրենց չեն ներկայացրել։

Ակնկալում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կշտկի իրավիճակը և կկատարի օրենքով սահմանված իր պարտավորությունը՝ ապահովելով նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը և հնարավորություն տալով ընտրողներին և քաղհասարակությանը ծանոթանալու մասնակից ուժերի ֆինանսական հոսքերին»,- նշվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր