211652_close_icon

ԿԳՄՍՆ-ն ամփոփել է «Ուսուցիչների առցանց համայնք» քառամյա ծրագիրը

views-count481 դիտում article-date 15:36 28-09-2025
Ամփոփվել է ԿԳՄՍ նախարարության և Բրիտանական խորհրդի համագործակցությամբ իրականացվող «Ուսուցիչների առցանց համայնք» (Online Teacher Community) քառամյա ծրագիրը, որն ուղղված էր անգլերեն դասավանդող ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը։ Ծրագրին, որն անցկացվել է առցանց ձևաչափով, մասնակցել են անգլերենի ավելի քան 1500 ուսուցիչ ու 200-ից ավելի ուսանող։

Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

Ամփոփիչ միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա աննախադեպ է համարել ծրագիրը նախևառաջ տևողության առումով, որի ընթացքում բազմապատիկ ջանք է ներդրվել։

«Ուսուցչի մասնագիտական զարգացումն այսօրվա հանրակրթական դպրոցի համար որոշիչ ազդեցություն ունի։ Մի կողմից հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը՝ բովանդակային և մեթոդական փոփոխությամբ, մյուս կողմից՝ գիտության և տեխնոլոգիաների արագ տեմպով զարգացումն ուղիղ անդրադարձ են ունենում դպրոցի վրա՝ ուսուցչի առաջ խնդիր դնելով համապատասխանել ժամանակակից կրթական համակարգի պահանջներին։ Այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում թե՛ պետության կողմից, թե՛ գործընկերների հետ համագործակցությամբ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Նա առանձնակի շեշտադրել է, որ շարունակական մասնագիտական զարգացման շատ կարևոր բաղադրիչ է մասնագիտական համայնքի ձևավորումը, որը նպաստում է խնդիրներն ու հաջողություններն արձանագրելուն, միասնաբար լուծումներ գտնելուն։

«Հատկապես կարևորում ենք մեր սովորողների օտար լեզվի, այս դեպքում՝ անգլերենի ուսուցումը, ինչը դուռ է դեպի մեծ ճանապարհներ։ Սա այն բացառիկ հաջողված ծրագրերից մեկն է, որտեղ տարբեր կողմեր տևական ժամանակ համագործակցել են՝ ապահովելով բարձր արդյունավետություն։ Ծրագրի մասնակցայնությունը խոսում է այն մասին, որ մենք կարևորում ենք թե՛ արդեն գործող մասնագետների, թե՛ որպես մասնագետ նոր կայացողների մասնագիտական ներուժի խթանումը միջազգային չափանիշների համատեքստում»,- եզրափակել է նախարարի տեղակալը՝ մասնակիցներին մաղթելով մասնագիտական ձեռքբերումներ։

Միջոցառման շրջանակում ծրագրի մասնակիցներին տրվել են հավաստագրեր։

 

Նմանատիպ նյութեր