211652_close_icon

Հայաստանում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների հերթական նիստը

views-count451 դիտում article-date 19:20 24-09-2025
ԱՊՀ մասնակից պետությունները ընդլայնում են համագործակցությունը հարկային (ֆինանսական) խախտումների դեմ պայքարի ոլորտում։ Այս մասին նշված է ՊԵԿ հաղորդագրությունում։

«Սեպտեմբերի 24-ին Երևանում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) հերթական՝ 24-րդ նիստը, որին մասնակցել են  Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի  պատվիրակությունները, ինչպես նաև ՀՀՄՂՀԽ-ի ուսումնական հաստատությունների և ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ներկայացուցիչները։ 24-րդ նիստում Հայաստանը ստանձնել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահությունը։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ  24-րդ նիստը ևս մեկ քայլ է ուղղված երկրների և գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդմանն ու արդյունավետության բարձրացմանը․ «Խորհուրդը կարևոր հարթակ է փորձի փոխանակման, համատեղ վերլուծության ու հարկային իրավախախտումների և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների մշակման համար: Դինամիկ փոփոխվող տնտեսական և իրավական միջավայրի պայմաններում մեր խնդիրն է հարկման ոլորտում ապահովել թափանցիկություն և օրինականություն, ամրապնդել քաղաքացիների և բիզնեսի վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ 21-րդ դարում, թվայնացման դարաշրջանում, տնտեսական հանցագործությունները սահմաններ չեն ճանաչում։ Կրիպտոակտիվները, ֆինանսական տեխնոլոգիական նորարարությունները, էլեկտրոնային առևտուրը և ամպային լուծումները արագորեն տարածվում են՝ ստվերային տնտեսությանը հաղորդելով նոր բարդություններ։ Այս պայմաններում երկրների միջև հարկային հետաքննությունների ոլորտում համագործակցությունը դառնում է ավելի կարևոր»: Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ հանդիպումը հնարավորություն է տալիս քննարկելու արդի մարտահրավերները, փոխանակելու ոլորտային փորձը և մշակելու համատեղ լուծումներ՝ բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը և նպաստելու երկրների տնտեսության կայուն զարգացմանը:

Ղազախստանի Հանրապետության ֆինանսական մոնիթորինգի գործակալության նախագահի տեղակալ Կայրաթ Բիժանովը բացման խոսքում նշել է, որ չնայած տնտեսության և ֆինանսների ոլորտում հանցագործությունների կանխարգելումը բարդ խնդիր է, բոլորը համակարծիք են, որ կան մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր է նվազագույնի հասցնել իրավախախատումները և դրանց բացասական հետևանքները։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևոր է գործընկեր երկրների փորձի ուսումնասիրությունը, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցությունը։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանը, շնորհակալություն հայտնելով ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդում նախագահելու հնարավորություն ընձեռելու համար, հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը կներդնի բոլոր ջանքերը խորհրդի առջև դրված խնդիրների իրականացման համար, կձգտի արդյունավետ իրականացնել համագործակցության գերակա ուղղությունները, որոնք նախատեսվում են սահմանել նաև այսօրվա նիստում:

Երևանում համակարգող խորհրդի 24-րդ նիստում մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների փոխգործակցության մի շարք հարցեր։  Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գործունեության տնտեսական անվտանգության ապահովման, ծայրահեղականության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, դրամական միջոցների ապօրինի շրջանառության, տնտեսական ոլորտում հանցագործությունների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունքներին։ Դիտարկվել են նաև կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերը։ Հանդիպման ավարտին ընդունված որոշումների վերաբերյալ ստորագրվել է արձանագարություն, նախանշվել են առաջիկա աշխատանքների ուղղությունները։ Որոշում է ընդունվել հերթական՝ 25-րդ նիստն անցկացնել Ուզբեկստանի Հանրապետությունում։ Այնուհետև նիստի մասնակիցները պարգևատրվել են համագործակցության հուշամեդալով»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր