211652_close_icon

Վահագն Խաչատուրյանը Անկախության 34-ամյակի առիթով պետական պարգևներ և դասային աստիճաններ է շնորհել

views-count943 դիտում article-date 20:14 19-09-2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի անկախության 34-ամյակի առիթով պետական պարգևներ, դիվանագիտական և դասային աստիճաններ է շնորհել մի խումբ գործիչների։ 

Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ  նախագահի պաշտոնական կայքում։ 

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ Անկախության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով է պարգևատրվել Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։  

Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը։

Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը, Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը։

Երախտագիտության մեդալով են պարգևատրվել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ Տիգրան Աբրահամյանը և օպերատոր Արման Շահինյանը:

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Արամ Առաքելյանը։ 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արթուր Հարությունյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հայկ Հովհաննիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով են պարգևատրվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Դավթյանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ-հսկողության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի (N զորամաս) շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Ղևոնդ Մալխասյանը։

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։ 
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ) Գրիգոր Մնոյանը։

Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ Արթուր Մելիքյանը, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Սմբատ Մխիթարյանը, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը։

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով: 

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ Անկախության տոնի առթիվ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական անխոնջ գործունեության համար «Սյունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ Ադամ Ալեքսան Ալեքսանի Կաբլանյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճաններ են շնորհվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանին, Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովին և Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանին։

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանին շնորհվել է Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահի միջնորդությունը՝ պետական կառավարման բնագավառի զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման և հաշվառման վարչության պետ Սուսաննա Մարգարյանին և վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը՝ Անկախության տոնի առթիվ, իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը և Սնանկության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանը։
Երախտագիտության մեդալով են պարգևատրվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը և Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը։

Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Գալստյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Նմանատիպ նյութեր