211652_close_icon

Ցույց տվեք ապացույց, որ ոստիկաններն են գողություն արել հատուկ պահպանվող տարածքից. ՆԳ նախարար

views-count1015 դիտում article-date 18:17 04-09-2025
Երբ ինձ ցույց տաք որևէ ապացույց, ես կկիսեմ ձեր կարծիքը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ  շատ են ահազանգերը, որ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաներից գողություններ են կատարում և կասկածներ կան, որ հենց ոստիկանության ծառայողներն են կատարում գողությունները։ Հայտնում է News.am-ը:

«Երբ ես Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության տրված հանձնարարականների հիման վրա բացահայտում եմ այնպիսի դեպք, որտեղ առերևույթ կարող են լինել իրավիճակներ, որտեղ, օրինակ, ծառայողների թողտվության կամ ծառայողների կողմից նմանատիպ իրավիճակներ կարող են լինել, դրանք անմիջապես ուղարկվում են գլխավոր դատախազություն։ Համանման դեպք ունեցել ենք և ես հաղորդում եմ ուղարկել գլխավոր դատախազին, և վարույթն է, որ պիտի տա բոլոր հարցերի պատասխանները։

Վարույթը ընթացքի մեջ է, վստահաբար որևէ դանդաղում չկա, որովհետև դրան զուգահեռ նաև ծառայողական քննություն է իրականանում, հարցաքննվել են մի շարք անձիք։ Կան արդեն իսկ ներգրավված ոստիկան մեղադրյալներ գործով։

Հատուկ պահպանվող տարածքների մասով իրականում մենք ունենք խնդիր ոչ թե անձանց կողմից հսկողության մասով առավել շատ, այլ բուն տարածքների մասով։ Շատ հաճախ չկան այն պարամետրերը, որոնք որ պատշաճ կերպով պիտի ապահովեն անվտանգությունը։ Այս պահի դրությամբ այն հատվածները, որտեղ որ խնդիր ունենք պահպանության, ձեռք ենք բերում նոր տարածքներ, այդ թվում մասնավոր ընկերության կողմից մեխանիզմով, որպեսզի կարողանանք երաշխավորել ցանկացած ապօրինի միջամտության բացառումը»,– ընդգծեց Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ եթե ոստիկանն արդեն ներգրավվել է որպես մեղադրյալ, վստահ եղեք, որ պատիժը չի ուշանա։
 

Նմանատիպ նյութեր