211652_close_icon

Պետք է պատրաստ լինել խաղաղության մեծ գաղափարի իրականացմանը. նախագահն այցելել է Սասունիկի նորակառույց դպրոց

views-count730 դիտում article-date 20:45 01-09-2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի նորակառույց դպրոց։

Հանրապետության նախագահը մասնակցել է դպրոցի բացման արարողությանը, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել ստեղծված պայմաններին և կատարված աշխատանքներին։ Հանրապետության նախագահը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով կրթության առաջնահերթությունը Հայաստանի համար:

«Ժամանակակից աշխարհում Հայաստանի Հանրապետությունը կարող է մրցունակ լինել միայն գիտելիքով և կրթության որակով։ Պատահական չէ, որ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ 2021 թվականից իրականացնում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որով կառուցվում, վերակառուցվում և հիմնանորոգվում են կրթական հաստատություններ։ Վստահ եղեք՝ մեր հաջողությունները կախված են նրանից, թե ինչպիսի կրթություն ենք տալիս ապագա սերունդներին»։

Վահագն Խաչատուրյանը կարևորել է կրթության դերը ոչ միայն մասնագիտական զարգացման, այլև Հայաստանի Հանրապետության ազատ ու ինքնավստահ քաղաքացի ձևավորելու գործում:

«Իմ հորդորն ու խնդրանքն է՝ մեր երեխաների համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք կզգան ազատությունը, կգնահատեն այն և նվիրված կլինեն մեր պետությանը։ Մեր նպատակն է, որ նրանք կառուցեն այնպիսի Հայաստան, որի հարատևության ու հզորության հարցում որևէ մեկը կասկած չունենա»,- ասել է նա։

Ամփոփելով խոսքը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ պետք է պատրաստ լինել խաղաղության մեծ գաղափարի իրականացմանը, և մաղթել է բոլորին նոր ձեռքբերումներ և հաջողություններ։
 

Նմանատիպ նյութեր