211652_close_icon

«Honda» մակնիշի ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում Երևանում․ մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները և պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count22385 դիտում article-date 21:04 29-07-2025
Այսօր՝ հուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարապետ Պատուրյանը և Գեղամ Մակարյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ մոտոցիկլը բախվել է աջ կողմի հետևի դռանը և կողաշրջվել։

Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր