211652_close_icon

Եթե մինչև նոյեմբեր գործընթացն օրինական էր, ինչո՞ւ են գաղտնալսել. բոլոր ընդդիմադիր գործիչները տոտալ կերպով գաղտնալսվում են. փաստաբանը՝ Սրբազանների գործի մասին

views-count508 դիտում article-date 11:49 09-07-2025
Առկա հրապարակային նյութերից ու հայտարարություններից կարելի է հասկանալ, որ գործը, սկսած նախորդ տարվա օգոստոսից մինչև այս տարվա հունիս ամիսը, ձևավորվել է գաղտնալսումների կամ այլ տեսակի գաղտնի քննչական գործողությունների արդյունքում։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «ահաբեկչության փորձի» գործով Սրբազանների և մյուս կալանավորված անձանց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Համաձայն ՔԿ-ի կամ գլխավոր դատախազի հայտարարությունների՝ 2024 թվականի նոյեմբերից այն վերածվել է ապօրինի գործընթացի։ Իրենք էլ նշում են, որ մինչ այդ ամեն ինչ օրինական էր, իսկ նոյեմբերից գործընթացները դարձել են ապօրինի։ Սակայն այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե դրանք օրինական էին, ապա ինչո՞ւ էին գաղտնալսվում իրավապահ մարմինների կողմից։ Ակնհայտ է պատասխանը. մեր օրերում ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի անմիջական և ապօրինի միջամտությամբ»,-ասաց Խուդոյանը։

Փաստաբանի խոսքով՝ այդ ապօրինի միջամտությունները հատկապես հաճախ են դիտվում ընտրություններին նախորդող ժամանակահատվածում։

«Կարող եմ պնդել՝ բոլոր ընդդիմադիր գործիչները տոտալ կերպով գաղտնալսվում են։ Հիմա այս գործի շրջանակներում, ըստ իրենց, ունենալով հանցագործություն վկայող բավարար տվյալներ՝ ԱԱԾ-ն մարտ ամսին հաղորդում է ներկայացրել, որ նախապատրաստվում է հանցագործություն։

Իրադարձություններն ու բուն գործողությունները տեղի են ունեցել հունիսին, ինչը ևս մեկ անգամ հաստատում է կասկածը, որ այս գործընթացները պայմանավորված են ոչ թե քրեադատավարական նպատակներով, այլ ուղղված են քաղաքական գործընթացներին միջամտելուն կամ դրանք գեներացնելուն»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ «ահաբեկչության փորձի» գործով կալանավորված են Բագրատ և Միքայել Սրբազանները և ևս 16 հոգի:

Նմանատիպ նյութեր