211652_close_icon
views-count34368 դիտում article-date 17:59 15-09-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. «Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Պ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Զվարթնոց գյուղի Թ. Թորոմոնյան փողոցում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 3-ամյա Ռաֆիկ Մ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Կարապետյանը։

Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել էին տարածքը, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկված երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր