211652_close_icon

Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

views-count1816 դիտում article-date 19:56 14-05-2025
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման խթանումը՝ հաշվի առնելով Հայաստանի և Իտալիայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը և ընդհանուր օրակարգային մարտահրավերները։

Նախարար Սիմիդյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հատկապես ընդգծելով 2026 թվականին Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նշանակությունը։ Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցությունը համաժողովի նախապատրաստական գործընթացում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Իտալիայի շրջակա միջավայրի անցումային նախարարության միջև 2021 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որը հիմք է ծառայում բնապահպանական տարբեր ուղղություններով համատեղ նախաձեռնությունների զարգացման համար։

Հանդիպումը կարևոր քայլ էր երկու երկրների միջև բնապահպանական ոլորտում երկխոսության խորացման և երկարաժամկետ համագործակցության հնարավորությունների վերհանման ճանապարհին։

Նմանատիպ նյութեր