211652_close_icon

Այսօր Վատիկանում սկսվում է նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը

views-count610 դիտում article-date 12:24 07-05-2025
Մայիսի 7-ին  Վատիկանի Սիքստինյան կապելայում կմեկնարկի նոր Հռոմի Պապի ընտրության քվեարկությունը՝ կոնկլավը, որը կարող է օրեր տևել։ Քվեարկության ավարտի մասին կհայտարարվի կապելայի ծխնելույզից բարձրացող ծխի միջոցով։ Եթե այն սև լինի, ուրեմն նոր պոնտիֆիկոսը դեռ չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը կնշանակի, որ Պապն ընտրված է:

Ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 2/3-ը։ Եթե ​​քվորում չկա, ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։

Աշխարհն իմանում է՝ ով է դառնալու նոր պոնտիֆիկոսը, երբ ընտրված կարդինալը դուրս է գալիս Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ: Միևնույն ժամանակ նա հռչակում է իր ընտրած անունը պապականության համար։

Վատիկանի մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին բրիֆինգի ժամանակ ներկայացրել է կոնկլավի ընթացիկ օրվա մոտավոր ժամանակացույցը։ Նրա խոսքով, առավոտյան տեղի կունենա Սուրբ Պատարագ, իսկ կեսօրից հետո՝ ժամը 16:45-ին, կարդինալները Սուրբ Մարթայի Տնից կգնան դեպի Պապական պալատ՝ Սիքստինյան կապելայում հանդիսավոր մուտքի և կոնկլավի մեկնարկի համար։ 

Հատկանշական է, որ կոնկլավի ընթացքում կարդինալներին արգելվում է որևէ շփում ունենալ արտաքին աշխարհի հետ։

Ամեն օր նախատեսված է չորս քվեարկություն՝ երկուսը առավոտյան և երկուսը՝ կեսօրից հետո։ Առաջին օրը մեկ քվեարկություն է լինելու. սովորաբար այն արդյունք չի տալիս։ Հաջորդ օրերին տեղի կունենա քվեարկության երկու փուլ՝ ընդհանուր չորս փուլ՝ երկուսը՝ առավոտյան և երկուսը՝ կեսօրից հետո։ Քվեաթերթիկները այրվում են երկու անգամ՝ երկրորդ և չորրորդ քվեարկություններից հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նոր Պապը ընտրվում է առաջին կամ երրորդ քվեարկության ընթացքում։ Այդ պատճառով, ինչպես նշում են աղբյուրները, եթե քվեարկության արդյունքը դրական է, ապա կարելի է սպասել սպիտակ ծխի 11:30-ին և 18:30-ին, իսկ 13:00-ին և 20:00-ին ծուխ կլինի ցանկացած պարագայում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 7-ին, չորեքշաբթի օրը, կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալներ Սիքստինյան մատուռում կսկսեն նոր Հռոմի Պապի ընտրությունը՝ Պապ Ֆրանցիսկոսի մահից հետո, ով վախճանվել էր ապրիլի 21-ին՝ Զատկի Երկուշաբթի օրը։

Կոնկլավի առաջին օրը՝ մայիսի 7-ին, նախատեսված է միայն մեկ քվեարկություն՝ կեսօրից հետո։ Երկրորդ օրվանից սկսած, նախատեսված են չորս քվեարկություն՝ երկուական առավոտյան և կեսօրից հետո։

Նմանատիպ նյութեր