211652_close_icon

Միջազգային փորձագետների, դիվանագետների մուտքը Բաքվի ռազմական դատարան արգելվում է. Սիրանուշ Սահակյան

views-count1504 դիտում article-date 10:56 06-05-2025
Մենք ունեք տեղեկություն, որ Բաքվում գտնվող միջազգային անկախ հետազոտողի մուտքն արգելվել է Ռազմական դատարան: Այս մասին NEWS.am-ին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

«Դատարանի շենքը խստագույնս վերահսկվում է: Թեև Ադրբեջանն ամեն անգամ ասում է, թե լսումները բաց են, սակայն հետազոտողի մուտքն արգելվել է: Նրան տեղեկացրել են, որ միան Գլխավոր դատախազության կամ Գերագույն դատարանի թույլտվությամբ է հնարավոր մուտք գործել տարածք, իսկ հետո Ադրբեջանում գտնվելու ժամանակահատվածում նա ենթարկվել է նաև հետապնդումների: Սա այն է, ինչ պետք է իմանալ Բաքվում իրականացվող «բաց դատավարությունների» մասին»,- նշեց փաստաբանը:

Սիրանուշ Սահակյանը հավելեց, որ ստացվել են նաև տեղեկություններ միջազգային անհատ իրավապաշտպաններից և ՀԿ-ների ներկայացուցիչներից, որոնք պաշտոնապես դիմել են Ադրբեջանին՝ նիստերին մասնակցելու թույլտվություն ստանալու և երկիր մուտք գործելու համար, բայց նրանց դիմումները չեն բավարարվել: «Բաքվում հավատարմագրված դիվանագետներին ևս չի հաջողվել ներկա գտնվել նիստերին, թեև դրա համար նրանք պաշտոնական ընթացակարգերին համապատասխան դիմումներ են ներկայացրել:

Ադրբեջանական օրենսդրությունը համապատասխանեցված է միջազգային ստանդարտներին, ըստ որոնց դռնբաց դատավարություններին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ցանկացող: Մենք իրականում գործ ունենք իրավիճակի հետ, երբ իրենք իրենց իսկ օրենքը չեն հարգում»,- ընդգծեց փաստաբանը:

Սիրանուշ Սահակյանը նաև խիստ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ Բաքվից դուրս բերման պահանջի առնչությամբ, որն ըստ նրա, մեծ խնդիրներ է առաջացնելու հայ գերիների համար: «Տեղեկություն ունեմ, որ արդեն երկու ամիս է, ինչ Կարմիր Խաչին չի հաջողվում այցելել ազատազրկման դատապարտված որոշ հայ գերիների: Մենք չգիտենք, սա տեխնիկան հարց է, թե պայմանվորված է երկրում Կարմիր խաչի գործունեությունը դադարեցնելու մասին ծանուցմամբ, և արդեն իսկ սկսվել են սահմանափակումները»,-նշեց փաստաբանը:

Նա հավելեց, որ բոլոր այս տեղեկություններն իրենք պարբերաբար ներկայացնում են միջազգային կազմակերպություններին: Նշենք, որ մեր հայրենակիցների նկատմամբ դատական ֆարսը շարունակվում է: Այսօր Բաքվի ռազմական դատարանում տեղի կունենան Ռուբեն Վարդանյանի գործով հերթական լսումները: Նա շարունակում է ցուցմունք չտալ, նախորդ նիստում կրկին բացարկ է հայտնել դատարանին` մատնացույց անելով, որ դատարանն անտեսում է նախաքննության ընթացքում թույլ տրված խախտումները և շարունակում է խախտել արդար դատաքննության իր իրավունքը:

Նմանատիպ նյութեր