211652_close_icon

Կոչ ենք արել հարթել պատգամավոր-լրագրող հարաբերություններում գոյություն ունեցող լարվածությունը. Աշոտ Մելիքյան

views-count505 դիտում article-date 12:44 23-04-2025
«Այս եռամսյակում բավականին շատ են եղել կոնֆլիկտային իրավիճակները հատկապես Ազգային Ժողովում:

Առհասարակ, առաջին եռամսյակի ընթացքում մեր բոլոր դասակարգումներով արձանագրված խախտումների քանակը 56-ն է, դրանցից 2-ը ֆիզիկական բռնություններ են, 25-ը տարբեր տեսակի այլ ճնշումներ, եւ 29-ը տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2025-ի առաջին եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին։

«Մշտադիտարկման ընթացքում ճնշումները եւ անհարգալից վերաբերմունքը հիմնականում եղել են իշխանության ներկայացուցիչների կողմից: 25 դեպքից 18-ի դեպքում կոնֆլիկտային իրավիճակները հենց իշխանությունների հետ են եղել, եւ դա բավականին մտահոգիչ միտում է: Մեր մի շարք հայտարարություններում ուշադրություն ենք հրավիրել այս փաստի վրա եւ կոչ արել հարթել եւ հաղթահարել այն լարվածությունը, որը գոյություն ունի պատգամավոր-լրագրող հարաբերություններում: Առաջին եռամսյակի ընթացքում 15 նոր դատական հայցերից 12-ը նույնպես պետական մարմինների եւ իշխանության ներկայացուցիչների կողմից են եղել, ինչը նույնպես աչքի է զարնում»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Նրա ձեւակերպմամբ, միջազգային կառույցների գնահատականներով շարունակում ենք մնալ կիսաազատ մամուլ ունեցող երկրների շարքում. «Իհարկե տարածաշրջանում լավագույնն ենք, բայց քանի դեռ նկատելի առաջընթաց չկա, պետք է սա մտահոգի ե՛ւ լրագրողության հանրությանը, ե՛ւ քաղաքական դաշտին, ե՛ւ առաջին հերթին իշխանություններին»:

Նմանատիպ նյութեր