211652_close_icon

Քննարկվել է տեքստիլ արդյունաբերության ոլորտում Չինաստանի հետ երկկողմ համագործակցությունը

views-count604 դիտում article-date 22:43 21-04-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ապրիլի 21-ին ընդունել է Չինաստանի Շաոսին Կեքյաո Տեքստիլ քաղաքի արտասահմանյան շուկաների խթանման ասոցիացիայի պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) ներկայացուցիչ Լիլիթ Ափուջանյանը: Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման սկզբում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու պետական աջակցության գործիքակազմը։

Ընդգծելով տեքստիլ արդյունաբերության ոլորտում Չինաստանի մեծ փորձն ու այդ ուղղությամբ երկկողմ համագործակցության առկա ներուժը՝ նախարարի տեղակալն առաջարկել է չինական կողմին դիտարկել Հայաստանում ներդրումների իրականացման, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը։

Չինաստանի շուկայում հայկական տեքստիլ արտադրանքի ճանաչելիության բարձրացման նպատակով առաջարկվել է ուսումնասիրել նաև Չինաստանում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին հայաստանյան արտադրողների մասնակցության հնարավորությունները։

Տեղեկացնելով, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան արդյունաբերական գոտիներ՝ Էդգար Զաքարյանն հնարավոր է համարել այս գոտիներում փոխշահավետ գործակցություն ծավալումը։

Պատվիրակությունը Հայաստանում է Միջազգային առևտրի կենտրոնի նախաձեռնությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Հայաստանում հյուրերն այցելել են մի շարք խոշոր տեքստիլ ընկերություններ, նախատեսվում են նաև B2B ձևաչափով գործարար հանդիպումներ։
 

Նմանատիպ նյութեր