211652_close_icon

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին

views-count1654 դիտում article-date 19:41 27-03-2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային:

Հանդիպման մեկնարկին դեսպանը նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հրավերն Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին մասնակցելու համար:

Հանրապետության նախագահը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ Միացյալ Էմիրությունները վերջին տարիներին դարձել է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակում են զարգանալ ու ընդլայնվել:

Նախագահը դրական է գնահատել երկրների ղեկավարությունների կողմից գործակցության սերտացմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև դեսպանի անձնական արդյունավետ աշխատանքը:

Դեսպան Ալ-Մուլլան շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ խոսքերի համար և նշել, որ հնարավորինս իր կարողությունները ներդնում է երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության հետագա խթանման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական, բարձր տեխնոլոգիական և հարակից ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին:

Կողմերն ընդգծել են ինչպես ընթացիկ համատեղ ծրագրերի առաջմղման կարևորությունը, այնպես էլ առաջիկա գործակցության հետագա ընդլայնումը՝ տնտեսական, այլընտրանքային էներգիայի և այլ ոլորտներում:

Նմանատիպ նյութեր