211652_close_icon
views-count7969 դիտում article-date 12:12 26-02-2025

Երևանում քրեական ոստիկանները իրականացրել են հատուկ օպերացիա. բերման ենթարկվածների մեջ է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին, ով եղել է ԱԺ նախկին պատգամավոր. հայտնաբերվել է զենք-զինամթերք

Վերջին ամիսներին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողները հնարապետությունում և մայրաքաղաքում հայտնաբերել են այնքան զենք-զինամթերք, որով կարելի է մի քանի գունդ զինել:

Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ վերջին օրերին շարունակում են ակտիվ պայքարը ցանկացած տեսակի հանցատեսակների դեմ, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները հերթական զենք-զինամթերքի հայտնաբերումն են իրականացրել Երևանի կենտրոնում: 
 
Երևանի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութի փողոցների խաչմերուկում ռուսական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով և մեկ այլ՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով երթևեկող անձանց մոտ հնարավոր է՝ զենք-զինամթերք լինի: 
 
Երևանի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Հ. Հարությունյանի գլխավորությամբ կարճ ժամանակում հասնում են նշված փողոցների խաչմերուկ, որտեղ էլ հայտնաբերում են այդ ավտոմեքենաները և նրանց տեղափոխում ոստիկանության Երևանի քրեական վարչություն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչ 40-ամյա Դավիթ Մանուկյանը, Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Բարսեղյանը, Ուկրաինայի հանրապետության քաղաքացի 36-ամյա Դենիս Նեգուլյաևը, Երևանի բնակիչներ, 53-ամյա Սեյրան Դադասյանը, 45-ամյա Էրիկ Բեգլարյանը, Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Լավրենտի Վարդանյանը և 35-ամյա Արայիկ Հովսեփյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Դ. Նեգուլյաևի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ «ԻԺ» մոդելի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, 1 հատ «Չեզեթ» տեսակի ատրճանակի փամփուշտատուփ՝ 9 փամփուշտով և 1 հատ 7 սմ շեղբի երկարության ծալովի դանակ, որը, ըստ վերջինիս հայտարարության, պատկանում է Դ. Մանուկյանին: 

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: 
 
Ֆոտոլրագրող տեղեկություններով՝ հայտնաբերված զենքերի վերաբերյալ Դ. Մանուկյանը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, իսկ նա Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է, ով ԱԺ նախկին պատգամավոր է, եղել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 2017-2019 թվականներին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր