211652_close_icon
views-count24221 դիտում article-date 11:23 30-01-2025

Երևանում թալանել են հայտնի «Ex Lége» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենի բնակարանը, հափշտակել են խոշոր չափի գումարի ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկի բնակիչ Ի. Ճ-ից, ով հայտնել է, որ նույն օրը մի քանի ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր բնակարանի 1-ին հարկի պատուհանը բացել են, մտել ներս և այնտեղից կատարել գողություն:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնիի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները:
 
Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում «գողություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է Հայաստանում հայտնի «Ex Lége»  փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենին, իսկ գողը կամ գողերը բնակարանից հափշտակել են մոտ 2 մլն 500 հազար դրամի ոսկյա զարդեր: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր