211652_close_icon
views-count13693 դիտում article-date 12:35 29-12-2024

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. հրդեհ է բռնկվել վրացական համարանիշներով «Iveco» ավտոբուսում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. ավտոբուսը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ծիլքար-Ապարան հատվածում ավտոբուս է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, «Iveco» մակնիշի ավտոբուսում առաջացած կրակի տարածման դեմ փորձել են պայքարել վարորդն ու քաղաքացիները, ապա՝ ժամանած Արագածի հրշեջ-փրկարարները, սակայն ավտոբուսը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Մելոյանն ու Սարգիս Շահնազարյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ վրացի 34-ամյա Նիկա Մոդեբաձեն։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր