211652_close_icon
views-count63751 դիտում article-date 15:36 12-10-2024

Երևանում պարեկները 1 ամսվա ընթացքում «պլաշչադկա» են տեղափոխել օրինախախտ վարորդների թանկարժեք ավտոմեքենաները, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին 1 ամսվա ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գումարտակների հրամանատարների մասնակցությամբ Երևանում իրականացրել են «Անվտանգ երթևեկություն» միջոցառումը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ Ա. Խուդինյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի ղեկավար կազմին ներկայացրել է ՆԳ նախարար Վ. Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Ա. Հովհաննիսյանի խիստ հանձնարարականները, որ պարեկները հայտնաբերեն և անզիջում լինեն նաև պետական պաշտոնյաների՝ հանրությանը հայտնի դեմքերի նկատմամբ, ովքեր կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, անհրաժեշտության դեպքում էլ նրանց ավտոմեքենաները տեղափոխեն ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևան քաղաքի գնդի պարեկները 1ամսվա ընթացքում հայտնաբերել են 100-ից ավելի օրինախախտ վարորդների, որոնց մեծ մասը՝ օրենսդիր և գործադիր, դատական համակարգերի աշխատակիցներ են եղել, անգամ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ ու նրանց բարեկամներ:  

Շատերը փորձել են պարեկներին համոզել, որ իրենք արտոնյալ են, որ պետք չէ իրենց նկատմամբ վարչական արձանագրություններ կազմել ու մեքենաներն էլ կարիք չկա տեղափոխել «պլաշչադկա», սակայն բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ հիմնականում ավտոմեքենան վարել են առանց ամրակապվելու, վարելիս խոսել են հեռախոսով, վարելիս ծխել են, ավտոմեքենաների ապակիները եղել են սահմանված կարգից ավելի մգացված:

Պարեկները գիշերային հերթափոխի ժամանակ հայտնաբերել ու ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 20-ից ավելի՝ ժողովրդի լեզվով ասած «գիշերային չղջիկների», ովքեր ավտոմեքենաների վրա տեղադրել են գերձայնային ազդանշաններ՝ այդ կերպ խախտելով քաղաքացիների անդորրը. (գաղտնիք չէ՝ գիշերային ժամերին որոշ վայ վարորդներ սիրում են «գլուշիտելի» արհեստական ձայն հանելով վարել տրանսպորտային միջոցը՝ խանգարելով մարդկանց քունը):

Հայտնաբերվել են նաև մեծ թվով վարորդներ, ովքեր եղել են ոչ սթափ:

Լուսանկարները տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր