211652_close_icon
views-count931 դիտում article-date 20:12 02-10-2024

ԱԺ պատգամավորները ՏՀԶ կազմակերպության հետ քննարկել են՝ ինչպես բարելավել բյուջեի կառուցվածքը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) քաղաքականության ավագ վերլուծաբան Ալֆրուն Տրիգվադոթիրի հետ:

Հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը եւ Դավիթ Կարապետյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի ներկայացուցիչները:

Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Ծովինար Վարդանյանը կարեւորել է փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ակնկալում է Ազգային ժողովի հետ համագործակցության ինստիտուցիոնալ ճանապարհներ կգտնվեն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալֆրուն Տրիգվադոթիրին տեղեկացրել է, որ կազմակերպությունը սերտ համագործակցում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ եւ ներկայում աշխատում է բյուջեի կառուցվածքի բարեփոխման, բարելավման ուղղությամբ: Նա նշել է, որ սա մի գործընթաց է, որ իրականացվում է մի շարք երկրներում:

Ծովինար Վարդանյանը ծանոթացրել է բյուջեի ներկայացման ընթացակարգին, ներկայացրել, թե ինչպիսի արդյունքային ցուցանիշներ է այն պարունակում եւ որքանով է այդ ձեւաչափն արդյունավետ: Բյուջեի կառուցվածքը բարելավելու ուղղությամբ հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները:

Արուսյակ Մանավազյանը եւս կարեւորել է Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների մշտական զարգացումը, միջազգային լավագույն փորձի փոխանակումը: Նա տեղեկացրել է, որ ընդգրկուն փոփոխություններ են կատարվել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում, ինչպես նաեւ ներկայացրել է Բյուջետային գրասենյակի գործառույթները:

Նմանատիպ նյութեր