211652_close_icon
views-count22686 դիտում article-date 15:12 30-09-2024

Որսագողության դեպք՝ Սյունիքի մարզում․ պարեկները «Toyota»-ի բեռնախցիկում հայտնաբերել են 2 հատ որսած նապաստակ՝ առանց համապատասխան փաստաթղթի

Սեպտեմբերի 23-ին որսագողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ ծառայություն իրականացնելիս Կապան-Նորաշենիկ ճանապարհին կանգնեցրել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, որի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 42-ամյա Գարիկ Մ․-ն մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է 2 հատ որսած նապաստակ՝ առանց համապատասխան փաստաթղթի և հայտարարել, որ նապաստակները որսացել է նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում Աճանան բնակավայրի հարակից դաշտավայրից՝ իր անվամբ հաշվառված «CZ-527» տիպի ակոսափող հրազենով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գարիկ Մ․-ի կողմից ներկայացված հրազենը և նապաստակները վերցվել, փաթեթավորվել և կնիքվել են։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փաթեթների հետ միասին ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր