211652_close_icon
views-count78595 դիտում article-date 23:12 17-09-2024

ԱՄՆ-ում հայտնի հայ բիզնեսմենը, ում կնոջն առևանգել էին Երևանում, ասում էր. «Մենք սպասում էինք վատթարագույնին, սակայն ՀՀ իրավապահ համակարգը մեզ նոր կյանք տվեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Սեպտեմբերի 4-ին Աշտարակի խճուղում գործող «SAN MARCO» լողավազանի մոտից առևանգված կնոջ ամուսինը երախտիքի խոսքեր է հղել իր կնոջը փրկած ՀՀ իրավապահ մարմիններին և կիսվել իր ապրումներով.

«Էմոցիաները խեղդում են ինձ: Երբեք չէի պատկերացնի, որ կհայտնվեմ մի իրավիճակում, երբ լիակատար հուսահատությունը կարճ ժամանակ անց կփոխակերպվի կատարյալ երջանկության: 

Սեպտեմբերի սկզբին կնոջս առևանգմամբ մեր ընտանիքի համար սկսվեցին մղձավանջային օրեր՝ լի հուսահատությամբ և անորոշություններով:

Անքուն գիշերները, տանջալից պահերը և մեկը մյուսից վատ մտքերը ինձ և հարազատներիս հասցնում էին հուսահատության եզրին:

Չնայած սկզբնական շրջանում հուսահատությունս խորն էր, բայց Հայաստանի իրավապահ մարմինների հետ ակտիվորեն համագործակցելուց հետո անթափանց խավարում լույսի նշույլ հայտնվեց: Այդ վիճակը շարունակվեց մի քանի օր և հանկարծ, լիովին անսպասելի, ի պատիվ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, ովքեր ցուցաբերեցին գերպրոֆեսիոնալ աշխատանք և բացառիկ սրտացավություն, հաջողվեց դուրս գալ հանցագործների հետքի վրա:

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժինը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքը, ՀՀ Քննչական կոմիտեն, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունն ու ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օրուգիշեր աշխատելով և իրենց կյանքը վտանգելով, կարողացան շատ սեղմ ժամկետում կատարել անհավատալին՝ կնոջս ողջ-առողջ վերադարձնել իր ընտանիք:

Խոսքերն ի զորու չեն նկարագրել մեր երջանկությունը, մենք ուղղակի չէինք հավատում, որ տեղի ունեցողն իրականություն է: 

Այս ամենի, ինչպես նաև քրտնաջան աշխատանքի և սրտացավության համար իմ պարտքն եմ համարում խորին երախտագիտությունս հայտնել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության, մասնավորապես, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաչության, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և իրավապահ մյուս մարմինների աշխատակիցներին՝ բարձր պրոֆեսիոնալիզմի և կնոջս առևանգած հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ ներդրված հսկայական ջանքերի համար:

Ձեր վաստակն անուրանալի է:

Երախտապարտ եմ Ձեզ, եղբայրներ: Մաղթում եմ անփորձանք ծառայություն: Աստված Ձեզ պահապան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 12-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները միջնորդություն էին ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ օրեր առաջ Երևանում տեղի ունեցած՝ կնոջ աղմկահարույց առևանգման կազմակերպիչի և կատարողների նկատմամբ։

Դատավոր Արթուր Գաբրիելյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո գնացել էր խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալով խորհրդակցական սենյակից բավարարել էր միջնորդությունը և կազմակերպիչ՝ Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Իսրայելյանը, Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա Արկադի Պապյանը, Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մուրադյանն ու Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Արծրուն Օհանյանը կալանավորվել էին և դատարանից ձեռնաշղթայված տեղափոխվել էին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կազմակերպիչ Վ․ Իսրայելյանը արդեն ծաղրի առարկա էր դարձել հանցագործ աշխարհում, երբ իմացել են, որ ինքը, լինելով կազմակերպիչ, անընդհատ բողոքել է, ասելով․ «Էս ո՞ւր են նայում ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունն ու քննչական կոմիտեն, որ օրը ցերեկով մարդուն գան «կակեբեի» շորերով հագնված տանեն ու դրանք կարենան հանցագործությունը բացահայտեն։ Էս ինչ երկիր ա։ Բա հետո ասում են ասեղ էլ ըլնի դեզի մեջ կգտնենք»։ Հիմա քրեակատարողական հիմնարկում մեծ սիրով սպասում են կազմակերպիչին, որպեսզի հարցնեն՝ «եղբայր, հիմա դու գողակա՞ն ես, թե՞ ջութակ նվագող։ Դու կազմակերպել ես ու էն մարդու նկատմամբ ես ոտնձգություն արել, ով Ամերիկայում քեզ աղայի պես պահել ա ու էդքանից հետո զանգում ես լրագրողներին ու ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, քննչականին մեղադրում անգործության մեջ։ Հիմա տեսար, ով ում թարս մատ արեց»։ 

Ավելի վաղ հայտնել էինք ,որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով  տեղակալ Խորեն Բարխոյանի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի՝ բաժնի պետ Արման Աբրահամյանի գլխավորությամբ, ապացուցել էին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան։ Մի քանի օր շարունակ Ոստիկանություն, Քննչական կոմիտե, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն համագործակցության արդյունքում աղմկահարույց հանցագործությունը ոչ միայն բացահայտվել էր, այլ նաև հայտնաբերվել էին կազմակերպիչը, կատարող գրեթե բոլոր մասնակիցները, առևանգվածը, իսկ քննիչների պրոֆեսիոնալ նախաքննության արդյունքում արդեն ուրվագծվել էր առևանգման դրդապատճառը։

Պարզվել էր, որ առևանգումը կազմակերպել էր շաբաթներ առաջ Ամերիկայի Միացյալ  նահանգներից Հայաստան  վերադարձած Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Ի․-ն, ով ստեղծել էր խումբ և համագործակցել նրանց հետո։ Խմբի մեջ էին եղել Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արծրուն Օ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Արկադի Պ․-ն , Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մ․-ն։

Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Քննչական բաժինը հսկայածավալ, մանրակրկիտ գործողությունների արդյունքում պարզել էին՝ որտեղ էին գտնվում կասկածյալները և սեպտեմբերի 8-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերել էին Վաչե Ի․-ին, Ռոբերտ Մ․-ին և Արծրուն Օ․-ին, ովքեր եղել էին «BMW» մակնիշի ավտոմեքենայով։ Վերջիններս անձի առևանգում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ 

Նույն օրը Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել էին Արտյոմ Մ․-ին և պարզվել էր, որ հենց այդ շինության մեջ էին առևանգված կնոջը պահել, իսկ կարճ ժամանակ անց Ոսկեպար գյուղում հայտնաբերել, վնասազերծել և ձերբակալել էին Արկադի Պ․-ին, իսկ գյուղում էլ կարողացել էին հայտնաբերել առևանգվածին և նրան անվտանգ տեղափոխել Երևան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առևանգողները առևանգված կնոջ ամուսնուց սկզբից պահանջել էին 4 մլն ԱՄՆ դոլար փրկագին, հետո բանակցությունների արդյունքում այն դարձել էր 2 մլն, իսկ երբ ամուսինը ԱՄՆ-ից վերադարձել էր Հայաստան, ժողովրդի լեզվով ասած բարիշել էին  800 հազար դոլարի շուրջ, սակայն մինչ ամուսինը, ով ի դեպ համաձայնվել էր գումարը վճարել, ոստիկանները նրանից ավելի օպերատիվ ու պրոֆեսիոնալ էին գտնվել։ Բռնել էին կազմակերպչին ու մասնակից նշված անձանց։  Մեկ հոգի, ով Երևանի բնակիչ 38-ամյա Արմեն Ն․-ն է, որոնվում էր։

Պարզվել էր, որ ԱԱԾ-ի կեղծ համազգեստով եղածներից մեկը հենց նա էր եղել։

Նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Ոստիկանությունը որոնում էր Արմեն Ն․-ին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր