211652_close_icon

Ես նման հեղեղումներ Երևանում չեմ հիշում. Սա մի քանի ամսվա նորմայի չափով մեկ ժամում եկած անձրև է. Ավինյան

views-count1903 դիտում article-date 11:30 16-09-2024
Երեւանում կրկին հեղեղումներ գրանցվեցին. Դա եւս մեկ անգամ վկայեց, որ մենք ունենք անկատար համակարգ՝ թերի կառուցված: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Լուրջ վերակառուցման անհրաժեշտություն է զգացում: Մենք գույքագրել ենք ամբողջ քաղաքը, թե որտեղ չկա հեղեղատար համակարգ, եւ ակնհայտորեն նկատվեց, որ շատ հատվածներում չի բավարարում թողունակությունը:

Մեր կողքին են եղել փրկարար ծառայությունը, պարեկային, վարչական շրջանների ղեկավարները, պարեկային ծառայությունը, «Վեոլիա ջուրը», բայց այս ռեսուրսները բավարար չէին, որ կարողանայինք ամբողջությամբ վերացնել հետեւանքները: Մասնավորապես, ստորգետնյա անցումների մասին պետք է ասեմ: Վարդանանց ստորգետնյա անցումում նոր էին փոխարինվել պոմպերը: Այս անգամ շատ շատ էին բերվածքները, րոպեների ընթացքում ամբողջ անձեւընդունիչ ցանցը պատվում էր պոլիէթիլենային տոպրակներով, հագուստի եաղբի այլ տեսակներով:

Տնտեսվարողների հետ Վարդանանց անցումում կքանդվեն բոլոր  հորերը, կմաքրվեն պոմպերը, որոնք խցանվել էին բերվածքներից»,-ասաց Կամո Արեյանը՝ հավելելով, որ այս պահին հեղեղումների բոլոր հետեւնքները վերացված են:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Այո, համաձայն եմ, որ մեր հեղեղատար, անձրևատար համակարգը բավականին հին և մաշված է, էական ներդրումների կարիք կա: Այդ ներդրումներն անպայման արվելու են, և այս  շաբաթ կառավարությունում այդ թեմայով քննարկում կարվի:

Մենք վերջին երկու տարում ենք առհասարակ սկսել այս համակարգում ներդրումներ անել, երկու տարի է՝ ինչ Երեւան քաղաքը կոյուղի է կառուցում: Պետք է հաշվի առնել նաև, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են և ամոբղջ աշխարհում, տարբեր քաղաքներում այս խնդիրներն առաջանում են»:

Քաղաքապետը կարևորեց մարդկանց իրազեկ լինելու հանգամանքը, որ ճիշտ գործեն նման ֆորսմաժորային իրավիճակում. «Շատ դեպքերում որևէ տեսակի համակարգ այս տեսակ ֆորսմաժորին չի կարող դիմանալ: Իհարկե, բոլոր այն հատվածներում, որտեղ կարող ենք նվազագույնը մեղմել նմանատիպ իրավիճակներում հեղեղումերից առաջացած խնդիրները, անպայման պետք է անենք:

Ես նման հեղեղումներ Երևան քաղաքում չեմ հիշում: Մի քանի ամսվա նորմայի չափով մեկ ժամում եկած անձրև է՝ արդեն որերորդ անգամ և սա կրկնվում է, կրկնվում է, կրկնվում է: Պետք է ադապտացվենք այս նոր իրավիճակին և մեր ծրագրերն այդպես սկսենք պլանավորել»,- շեշտեց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր