211652_close_icon
views-count622 դիտում article-date 13:05 12-09-2024

Գազայի հատվածում իսրայելական հարվածների 18 զոհերից 6-ը ՄԱԿ-ի աշխատակիցներ են

Պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը հայտնել է, որ իր աշխատակիցներից վեցը զոհվել են Գազայի կենտրոնական հատվածում գտնվող դպրոցներից մեկի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով: Տեղի իշխանությունները հաղորդում են, որ հարվածի հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 18 մարդ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։  

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը հայտնել է, որ սա իրենց անձնակազմի շրջանում մեկ միջադեպի արդյունքում զոհերի ամենամեծ թիվն է հոկտեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր:

Հարվածը հասցվել է Նուսեյրաթ փախստականների ճամբարի ալ-Ջաունի դպրոցին, որն օգտագործվում է որպես ապաստան հազարավոր տեղահանված պաղեստինցիների համար:

Իսրայելի զինվորականները հայտնել են, որ «ճշգրիտ հարված են հասցրել ահաբեկիչներին», որոնք հարձակումներ էին ծրագրում դպրոցի տարածքից։ Իսրայելի բանակը հավելել է, որ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական անձանց հասցված վնասը մեղմելու համար:

Ըստ ՄԱԿ-ի գործակալության՝ դպրոցը վերջին 11 ամիսներին արդեն 5-րդ անգամ է հարձակման ենթարկվում։

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողներին հայտնել է, որ ՄԱԿ-ը դատապարտում է «բոլոր ավիահարվածները, որոնք թիրախավորում են քաղաքացիական անձանց, ինչպես նաև թիրախավորում են ՄԱԿ-ի հաստատությունները»։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 41 080-ի։

Նմանատիպ նյութեր