211652_close_icon
views-count1426 դիտում article-date 22:07 13-08-2024

Երևանում ծառահատումները կրկին կթույլատրվեն․ դատարանի որոշումը բեկանվել է. «Հետք»

Դատարանի որոշմամբ Երևանի քաղաքապետարանին հուլիսի 15-ից ժամանակավորապես արգելվել էր կենսունակության ավարտին մոտ եւ ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինման (դրանց հատումով ուղեկցվող) գործողություն կատարել Երևան քաղաքի վարչական շրջաններում։ Քաղաքապետարանը բողոքարկել է դատարանի այս որոշումը, և վերադաս ատյանը օգոստոսի 6-ին բավարարել է բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով արգելքը։

 Այս դատական գործը սկսվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու անդամ Արամ Թորոսյանի հայցից՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Արամ Թորոսյանը հանդես էր եկել պահանջով՝ առանց համապատասխան ՇՄԱԳ եզրակացության Երևան համայնքում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման /ծառերի հատման/ գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին։ Որպես հայցի ապահովման միջոց դատարանը բավարարել էր Թորոսյանի միջնորդությունը՝ արգելելով Երևանի քաղաքապետարանին նման գործողություններ կատարելը մինչև տվյալ գործով վերջնական դատական ակտի առկայությունը։

Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշմանը իրենք ևս դեմ են եղել, քանի որ դատարանի որոշումը վերաբերել էր ոչ թե «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով: Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում իրականացվող ծառահատումներին, այլ առհասարակ ծառահատումներին։ 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մինչև դատարանի որոշման բողոքարկումը «Հետքին» հայտնել էր, որ դատարանի որոշումը Երևան քաղաքի համար կարող է ունենալ վատ ազդեցություն և անկանխատեսելի հետևանքներ։ «Ունի բնակչության անվտանգության բաղադրիչ, քանի որ որոշման մեջ նշված կենսունակությունը կորցրած (չոր), կենսունակության ավարտին մոտ, ամբողջովին դեֆորմացված ծառերի չհեռացնելն ունի շատ մեծ ռիսկեր, քանի որ դրանց մեծ մասը վթարային են և ենթակա են տապալման, որն իր հերթին բերում է քաղաքացիների առողջական՝ նվազագույնը մարմնական վնասներ և նյութական վնասների»։

Քաղաքապետարանը, Արամ Թորոսյանի հաղորդմամբ, հենց այս փաստարկն է ներկայացրել դատարանում՝ նշելով, որ արդեն իսկ քաղաքացիներից դիմում-բողոքներ կան և ահազանգեր, սակայն դատարանի որոշումը թույլ չի տալիս գնալ և կտրել այդ ծառերը։ ՀՈԱԿ-ից մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ 2024-ի առաջին կիսամյակում վթարային տապալված ծառերի մասով արձանագրվել է շուրջ 200 դեպք, այդ թվում նաև հաստաբուն ծառերի հաստ ճյուղեր։ 

Արամ Թորոսյանն ասում է՝ չի հավատում, որ քաղաքապետարանը դիմում-բողոքներ է ստացել։ «Այդ ի՞նչ եղավ, որ մինչև հուլիսի 15-ը իրենք բողոք չունեին, ու մինչև օգոստոսի 6-ը տասնյակ բողոքներ ստացան քաղաքացիներից, որ հենց այդ պահին պետք է կտրվեն դեֆորմացված ծառերը։ Բազմաթիվ, տասնյակ չորացած ծառեր կան, որ մինչև հուլիսի 15-ը չեն կտրվել»,- ասում է Թորոսյանը։ 

Նա քաղաքապետարանին 2 հարցում է ուղարկել և դեռ պատասխաններ չի ստացել։ Առաջինն այն մասին է, թե հուլիսի 15-ից հետո ինչ բողոքներ են եղել քաղաքացիների կողմից ծառերի հատման հետ կապված և որտե՞ղ, որոնք չեն կարողացել իրականացնել դատարանի որոշման պատճառով։ Եվ երկրորդ հարցումը՝ ամբողջական տեղեկատվություն տրամադրել, թե ամբողջովին չորացած ինչ ծառեր կան, որոնք հատման ենթակա են ամբողջ Երևանում․ քարտեզագրում ունե՞ն, թե՞ ոչ։   

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


 

Նմանատիպ նյութեր