211652_close_icon
views-count835 դիտում article-date 18:34 23-07-2024

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ ՄԱԶԾ-ի հետ գործակցությունն ընթանում է շատ արդյունավետ և հույս հայտնել, որ այսուհետ ևս համատեղ ծրագրերը կշարունակվեն։ Նախարարը համառոտ ծանոթացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածի հիմնական դրույթներին, դրանց իրագործման նպատակով նախանշված միջոցառումներին, խոսել իրականացվող բարեփոխումների մասին։

Նախարար Գևորգ Պապոյանը նաև տեղեկացրել է, որ ներկայումս նախարարությունը մշակում է սկսնակ և փոքր ձեռներեցների աջակցության ծրագրի նախագիծը, որը ներառում է 3 բաղադրիչներ՝ ձեռնարկատիրական հմտությունների զարգացման միջոցառում, փոքր բիզնեսի արտոնյալ վարկավորման միջոցառումը, հովանոցային երաշխիքի տրամադրման միջոցառումը։

Այս համատեքստում կողմերը քննարկել են, թե ինչպես կարող է ՄԱԶԾ-ն աջակցել ձեռներեցությանը, փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և սկսնակ ձեռնարկություններին:

Անդրադարձ է կատարվել նաև կին ձեռներեցների աջակցությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը, երիտասարդ և կին ձեռներեցների ֆինանսական գրագիտության հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի խթանմանը ՀՀ մարզերում։

Գևորգ Պապոյանն ընդգծել է կանանց դերի կարևորությունը տնտեսության մեջ։

Քննարկվել են նաև գյուղական համայնքներում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ կարևորելով Սյունիքի մարզի 3 գյուղերում գյուղատնտեսական աջակցության ծրագրի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական աճի ռազմավարություններին և քննարկվել, թե ինչպես ՄԱԶԾ-ն կարող է աջակցել կայուն զարգացման նախաձեռնություններին:

Կողմերը քննարկել են ՄԱԶԾ-ի պոտենցիալ աջակցությունը բնապահպանական կայունության ծրագրերին, ինչպիսիք են՝ վերականգնվող էներգիան, թափոնների կառավարումը և պահպանումը:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև զբոսաշրջության բնագավառում մարդկային ռեսուրսների զարգացման՝ կրթական և վերապատրաստման աջակցության ծրագրերի մասին։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը և համատեղ նոր ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

Նմանատիպ նյութեր