211652_close_icon
views-count2776 դիտում article-date 22:50 18-07-2024

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է BostonGene Techologies ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը  փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է «BostonGene Techologies» ընկերություն: Իր այցի ընթացքում նախարար Հայրապետյանին ընդունել են ընկերության տնօրեն Դավիթ Հարությունյանը և այլ աշխատակիցներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, չնայած BostonGene-ի կենտրոնակայանը ԱՄՆ-ում է, ընկերությունը հպարտությամբ աջակցում է Հայաստանում իր գիտատեխնոլոգիական թիմի մեծ մասին: Նախարարը շրջել է ընկերությունում՝ պատկերացում կազմելու համար BostonGene նորարարական տեխնոլոգիաների և ապագայի վերաբերյալ նրանց տեսլականի մասին: 

«Այցի ընթացքում նախարար Հայրապետյանը և BostonGene-ի թիմը քննարկել են ընկերության հնարավոր ներդրումը կրթության ոլորտում: Նախարարը հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիակատար աջակցությունը BostonGene-ի նախաձեռնություններին կրթական ոլորտում, առաջարկել ոչ ֆորմալ կրթական մեթոդներ ներդնելուց զատ, համագործակցել նաև բուհերի հետ՝ համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր իրականացնելով: 

Բացի այդ, աշխատակիցները խոսել են ներկայումս ընկերության առջև ծառացած մի քանի խնդիրներից, ինչպես նաև հնարավոր լուծումներից և նախարարությունից ակնկալվող աջակցությունից: Նախարարն իր հերթին հավաստիացրել է BostonGene-ին, որ հարցերը կլինեն նախարարության ուշադրության կետրոնում և հնարավորության պարագայում լուծում կստանան:

Քննարկման կարևոր թեմա է դարձել ոլորտի աջակցության մասին օրենքի նոր նախագիծը, որը ներկայումս ավարտման փուլում է: Երկու կողմերն էլ կառուցողական երկխոսություն են վարել այն մասին, թե ինչպես այս օրենքը կարող է էլ ավելի ամրապնդել ոլորտը և բավարարել BostonGene ընկերության նման այլ ընկերությունների կարիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Մխիթար Հայրապետյանը վերահաստատել է նախարարության հանձնառությունը՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու և Հայաստանը նորարարությունների կենտրոն դարձնելու հարցում:

Նշվում է, որ BostonGene-ը կենսաբժշկական ոլորտի ծրագրային ապահովման մշակման առաջատար ընկերություններից է, ուսումնասիրում է քաղցկեղը և արհեստական բանականության միջոցով կլինիկական մոդուլավորում է իրականացնում՝ մշակելով անհատական բուժման մեթոդը: Ի դեպ, ամերիկյան այս ընկերության միայն Հայաստանի մասնաճյուղի շուրջ 500 աշխատակցի 25 տոկոսը հայ է, ընկերությունն, իր հերթին, ձեռնարկում է տարբեր քայլեր նոր հայ մասնագետներ ներգրավելու համար: 

Նմանատիպ նյութեր