211652_close_icon
views-count45599 դիտում article-date 20:24 06-07-2024

Խոշոր ավտովթար՝ Զովունիում հայտնի «Զով Գարդեն» ռեստորանի մոտ. բախվել են «Honda»-ն ու «Toyota»-ն. վերջինը կոտրել է բետոնե էլեկտրասյունը, «Honda»-ն էլ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Զովունի գյուղի վարչական տարածքում՝ «Զով Գարդեն» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 61-ամյա Վահան Եղիազարյանի վարած «Honda» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Կամո Մախմուրյանի վարած  «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Toyota»-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Ալիսա Մախմուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Զով Գարդեն» ռեստորանային համալիրի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառառյության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արտուշ Միրաքյանն ու կրտսեր պարեկ Արմեն Օհանովը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Toyota»-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն, իսկ «Honda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Էլեկտրասյունը չի տապալվել, քանի որ դրան պահել են էլեկտրալարերը և օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկության Նաիրիի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր արդեն աշխատանքներ էին ձեռնարկում՝ վնասված սյունը նորով փոխարինելու ուղղությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հայրապետյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի մեղավորը «Toyota»-ի վարորդն է, ով վազանց է կատարել, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, սակայն ոստիկանները, պարեկներն ու քննիչները այդ անձանց հայտնած տեղեկությունները հալած յուղի նման չեն ընդունում, և կան կասկածներ, որ նրանք գույները խտացնում են:

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր