211652_close_icon
views-count1099 դիտում article-date 11:10 04-07-2024

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում. Փաշինյանի ուղերձը Բայդենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Մեծարգո նախագահ Բայդեն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին` Անկախության օրվա առթիվ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված ազատության, արդարության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես նաև Անկախության հռչակագրում արտացոլված գաղափարները շարունակում են ոգեշնչման և քաջալերանքի աղբյուր լինել ողջ աշխարհում:
Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ և սերտ կապերը, վերջին տարիներին համագործակցության զգալի աճն ու զարգացումը, նոր ոլորտների ընդգրկումը երկկողմ օրակարգում ընդգծում են մեր գործընկերության ամրությունը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Ուրախ եմ արձանագրելու, որ ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական և էներգետիկ դիմակայունության խթանման, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային համագործակցության և այլ ոլորտներում մեր փոխգործակցության հետագա ընդլայնման հանձնառությունն արտացոլվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու տեսլականում:

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում և խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին և վստահություն հայտնել, որ մեր շարունակական ու ամրապնդվող գործընկերությունն այս կարևորագույն ժամանակաշրջանում կնպաստի խաղաղ և ավելի բարեկեցիկ ապագայի կերտմանը` մեր երկու երկրների և տարածաշրջանի համար:

Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և ԱՄՆ-ի բարեկամ ժողովրդին խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց»:

Նմանատիպ նյութեր