211652_close_icon
views-count919 դիտում article-date 13:48 18-05-2024

Մեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին, այսօրվա պատկերը դրա լավագույն վկայությունն է․ Սրբազանը՝ քաղաքական ուժերի հետ հանդիպմանը

Սա անգույն և բոլոր գույների շարժում է, կարող է տարօրինակ հնչել, բայց բովանդակությունը ձևն ու տեսանելիությունն էլ է այդպես, անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական գնահատական կտա կամ ով ինչի հետ կփորձի կապել այս ամբողջ շարժումը կամ ինձ։ Այս մասին կուսակցությունների հետ հանդիպմանն ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ Սրբազանը։

Սրբազանը նախ իր խոսքում նշեց, որ քաղաքական լեզվամտածողություն չունի և չի էլ ունենալու, ապա ասաց, որ այս ամբողջ գործընթացը սկսել է այդ ապօրինի, հակասահմանադրական, միակողմանի, ուժի, սպառնալիքի պարտադրանքի ներքո տեղի ունեցող, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթացի պատճառով։

«Մենք սահմանագծի վրա մեր ժողովրդի հետ շատ հստակ հռչակել ենք, որ այս ամբողջ գործընթացը թեպետ տեղի է ունենում այստեղ, լուծումները գտնվում են Երևանում։ Մենք գիտենք՝ մեր թիրախը որտեղ է և նաև լուծումները ինչպես ու որտեղ են, հետևաբար, շարժումը եկել, հասել է իր տրամաբանական մթնոլորտ և միջավայր։ Ես ասել եմ՝ մենք բոլորով պետք է ստանանք Հայրենիք և պատիվ»,- ասաց նա։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ Շարժումը եկել հասել է մի հանգրվանի, որ այլևս հետևանքները չեն, որ առաջնային են, թեպետ իրենք հետևանքների մասին էլ են մտածում, այդուհանդերձ պատճառն է կարևոր։ Իսկ պատճառը, ըստ նրա, մեկն է ու գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում։

«Այդ պատճառը պետք է լուծվի, մենք հստակ դրել ենք նշաձողը, որ այդ պատճառը պետք է լուծվի և այս աղետի լուծումներ առաջարկելու խոչընդոտը պետք է հեռացվի՝ կամ հեռանա, կամ հեռացվի։ Ի՞նչ ճանապարհներով, մենք մեկն առաջարկել ենք առանց լինելու քաղաքական մարդ, բայց այդուհանդերձ ամեն ինչը պետք է լինի ընկալելի, իրավական, օրինական ճանապարհով»,- նշեց Սրբազանը։

Նա ասաց, որ հարցը բոլորի առջև դրված է․ «Քանի որ ժամանակը քիչ է նախընտրեցինք բոլորով հանդիպել ու խոսել։ Խնդրում եմ՝ ով պետք է խոսի, արտահայտվի կոնկրետ լինի, քանի որ իրավիճակի գնահատականներ տալու կարիք չկա, շարժման բովանդակությունն ու ծրագիրն ասաց՝ հասել ենք մի հանգրվանի որ պետք է, որոշակիանանք, թե ինչ ենք ուզում ու ինչ ենք անելու։

Մեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին, այսօրվա պատկերը դրա լավագույն վկայությունն է, որովհետև տեսնում եմ այստեղ կազմակերպություններ, որոնք մեր ամենապայծառ երևակայության մեջ իրար կողք չէին քայլի կամ խոսի, բայց այստեղ են բոլորը և այս շարժման ընթացքում են գտնվել։ Մեր ամբողջական պատկերացումն է, որ հոգևոր Հայաստանն իր կնիքը դնի այս շարժման վրա և հաղթի, այսպես կոչված, նոր Հայաստանին»,- եզրափակեց Բագրատ Սրբազանը։

Նշենք, որ հանդիպումն այս պահին շարունակվում է դռնփակ։

Նմանատիպ նյութեր