211652_close_icon
views-count487 դիտում article-date 13:32 09-05-2024

Եթե ռուս սահմանապահները դուրս գան, հետաքրքիր է՝ քաղպայմանագրի կարկառուն ներկայացուցիչնե՞րն են Իրանի և Թուրքիայի հետ սահմանները պահելու․ ռազմական փորձագետ

Փաստացի սա իրենց ՀԱՊԿ-ի շրջանակներում գործունեության մարտավարության շարունակությունն է, չունեն ներկայացուցիչներ, չեն մասնակցում միջոցառումներին, նիստերին, հիմա էլ ֆինանսավորմանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելուն։

Նրա խոսքով՝ ճիշտ է, առանձնապես մեծ ֆինանսավորում չէ, բայց քայլն ինքնին, ավելի շուտ, կեցվածքի դրսևորում է, ուրիշ ոչ մի արտառոց բան չկա։

Ճշտող հարցին՝ սա ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել ՀՀ համար, փորձագետն ասաց, որ եթե խնդիրներ առաջացներ առաջին օրվանից, երբ դե ֆակտո կասեցրեցին անդամակցությունը, կառաջացներ։ Նրա խոսքով՝ մնացել է միայն մեկ քայլ՝ դադարեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ինչի մասին Փաշինյանն արդեն խոսել է և չի բացառել։

Ինչ վերաբերում է ռուսական զինված ուժերի դուրսբերմանը Նահապետյանն ասաց․

«Երկու զինվորական միավորում ունենք Ռուսաստանի հետ։ 95 թվականին կնքված պայմանագրով 102-րդ ռազմաբազան է տեղակայված և 92 թվականի սեպտեմբերի 30-ի պայմանագրով՝ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանում ՌԴ անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ստորաբաժանումները։ Սրանք ՀԱՊԿ-ի հետ կապ չունեն, դրանք կարող են դուրս բերվել միայն այդ երկու պայմանագրերի չեղարկմամբ։ Եթե փորձ արվի 92 թվականի սեպետեմբերի 30-ի միջպետական պայմանագիրը չեղարկել, որով ռուսական սահմանապահները Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանին են, այստեղ մեզ համար լրջագույն վտանգ կառաջանա»,- ասաց նա։

Իր այս մտավախությունը բացատրեց նրանով, որ այդ սահմանը Խորհրդային Միության արտաքին սահմանն է եղել, այսինքն Հայաստանը Իրանի և Թուրքիայի հետ սահմանագծված և սահմանազատված սահման չունի, իսկ եթե ռուսական կողմը դուրս գա, ապա ցանկացած պահին Իրանին և Թուրքիային հնարավորություն կտրվի վերճշգրտել Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Իրանի սահմանները, բնականաբար, և ամենայն հավանականությամբ, կորուստների ակնկալիքով։

«Այդ սահմանապահները, որ դուրս գան, ինձ հետաքրքիր է՝ քաղպայմանագրի կարկառուն ներկայացուցիչնե՞րն են այդ սահմանները պահելու։ Պետք է սահմանապահներ հարյուրներով, եթե ոչ հազարներով պատրաստել։ Հիմա Ադրբեջանի մասով փորձ է արվում բանակի ստորաբաժանումները հանել, սահմանապահներ դնել»,- ասաց նա։
Ըստ նրա՝ իշխանություններն իրականացնում են մի գործընթաց, որի շահառուն ԱՄՆ-ն է, որի խնդիրն է ՀՀ-ից դուրս բերել ռուսական զինական ներկայությունը։

«Սա է, և եթե այդպիսի խնդիր է դրվում, ապա վաղ թե ուշ փորձ են անելու ինչ-ինչ հիմնավորումներով, պատրվակներով դուրս բերել 102-րդ ռազմաբազան, որն ի դեպ մեր երկրի անվտանգության կարևորագույն գործիքներից մեկն է և եթե դուրս բերեն Հայաստան-Իրանի, Հայաստան-Թուրքիայի սահմանին կանգնած ռուսական սահմանապահ զորքերը, սա ևս մեր անվտանգությունն է։

Ի դեպ, երբ Թուրքիան և Ադրբեջանն իրենց բավական համեստ են պահում սահմաններին դա Փաշինյանի թիմի կարկառուն ներակայցուցիչների մարտական ու բարոյական ոգին չէ, որ պահում է, դա Ռուսաստանի ներկայությունն է, նույնիսկ եթե թվաքանակը քիչ է։

Հիմա եթե հանեն Ադրբեջանին կամ Թուրքիային, ի՞նչը կարող է խոչընդոտել գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ»,- շեշտեց Նահապետյանը։

Նմանատիպ նյութեր