211652_close_icon
views-count754 դիտում article-date 19:53 17-04-2024

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդն այսօր կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։

Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններն ու առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումը։

Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է լոգիստիկ փոխկապակցվածության ավելացմամբ, ինչը նշանակում է թե՛ տնտեսական շահ, թե՛ կայունություն: Հայաստանի արտգործնախարարը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը զարգացնում է քաղաքական երկխոսությունն ու գործընկերությունն արաբական բոլոր երկրների հետ, որի դրսևորումն էր նախորդ տարի առաջին անգամ մասնակցությունն Արաբական լիգայի նախարարական հանդիպմանը: «Շատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը», - նշել է նա:

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանության հարցերում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Արարատ Միրզոյանն ու Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ «World Expo 2030» անցկացման համատեքստում:

2023 թվականի նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա:

Նմանատիպ նյութեր