211652_close_icon
views-count547 դիտում article-date 15:47 17-04-2024

Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև

Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը՝ երկու երկրի բարձրագույն ղեկավարությունները որոշում են կայացրել «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ խմբ.) ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների՝ «մեր երկրի տարածքից» (չակերտները՝ խմբ.) վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։

Նշենք, որ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն այսօր  հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն օկուպացված Արցախից:

Նախօրեին տեղեկությունը հաղորդել էին ադրբեջանական պետական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից։ Եվ, որ ապրիլի 15-ից վանքը գտնվում է Ադրբեջանի ոստիկանության վերահսկողության տակ։ Ըստ լրատվամիջոցների՝ դրանով սկսվել է ռուսական խաղաղապահների դուրսբերման գործընթացն օկուպացված Արցախից։

Նմանատիպ նյութեր