211652_close_icon
views-count14983 դիտում article-date 11:45 08-04-2024

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանի 7-րդ զանգվածում. թաղապետն ու «Վեոլիա ջուր»-ը 1 ամիս է՝ «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺՙ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի Հունան Ավետիսյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ տևական ժամանակ է՝ գլխավոր փողոցում տեղադրված դիտահորից կեղտաջրերը դուրս են թափվում ու այդպես մի քանի կմ հոսում են՝ ապականելով ողջ տարածքը:

Երեկ՝ ապրիլի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«1 ամսից ավելի է՝ բարձիթողի վիճակ է տիրում. կեղտաջրերը դուրս են գալիս ու մոտ 2-3 կմ հոսելով՝ գնում են. անտանլի գարշահոտություն է տիրում: Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ էս հատվածը կանաչապատվեց, տեղադրվեցին նստարաններ, զրուցարաններ, բայց հիմա տեսնում եք, որ էդ կեղտաջրերը այդ ամբողջ հատվածներն էլ են իրենով արել, էլ չենք ասում, որ մի քանի մետր այն կողմ բազմահարկ շենքեր են, խաղահրապարակներ: Մի քանի անգամ զանգահարել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր», մեր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, սակայն ոչ մի դրական արձագանք:

Ավագանու նիստերից մեկի ժամանակ լսել ենք, թե քաղաքապետ Տիգրան Ավինյանը ինչպիսի հանձնարարականներ է տվել, որ պարտադիր պատասխանատուները արձագանքեն բնակիչների ահազանգերին, թեժ գիծն էլ 24 ժամ կտրվածքով գրանցի և համապատասխան կառույցներին ուղարկի մեր ահազանգերը, բայց ոնց հասկանում ենք՝ Տիգրան Ավինյանը ասում է, իսկ պատասխանատուների ականջներում երևի բամբակ է մտցրած:

«Վեոլիա ջրի» մասին էլ խոսք չկա. ոնց որ տզրուկի նման մեզնից միայն արյուն քամի: Վճարումները կանոնավոր կատարում ենք, իսկ երբ դիմում ենք, այնտեղից կամ պատասխանում են, որ «դա մեր իրավասության մեջ չի մտնում», կամ էլ՝ «ձեր հայտը գրանցված է, կմոտենանք», բայց 1 ամիս է՝ չեն մոտենում, երևի դարձել են Նոյի ագռավ, հիմա չգիտենք՝ ինչ անենք, ում դիմենք, ամբողջ տարածքում գարշահոտություն  է տիրում ու կա վտանգ, որ այն կարող է համաճարակի վերածվել, եթե պատկան մարմինները կարճ ժամանակում խնդիրը չլուծեն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի մասին արդեն տեղեկացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, ով իրավիճակի մասին արդեն զեկուցել է համապատասխան պաշտոնյաների. տեսնենք՝ արդյոք այս դեպքում այդ պաշտոնյաները գոնե այս անգամ օպերատիվ կարձագանքեն քաղաքապետի մամուլի պատասխանատուին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր