211652_close_icon
views-count1204 դիտում article-date 15:37 17-03-2024

Պատժամիջոցները՝ Բաքվի վարչակարգը զսպող գործիք. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Եվրախորհրդարանի բանաձևերին՝ նշելով, որ  Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ հնարավոր թիրախային և անհատական պատժամիջոցներն իրապես կարող են զսպող գործիք հանդիսանալ ադրբեջանական վարչակարգի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Եվրախորհրդարանը ընդունել է բանաձևեր, որոնք կարծես թե առավել առարկայական են դարձնում աշխարհի կողմից ադրբեջանական հանցանքների ընկալումը։ Բանաձևերում կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։

Ադրբեջանի նախագահը արդեն երկար ժամանակ է, ինչ իր ելույթներում անընդհատ շեշտում է, որ էներգետիկ մատակարարումների առումով Ադրբեջանի դերը մեծացել է աշխարհում։ Նման իրողությունները գուցե ներշնչել են Իլհամ Ալիևին, որ էներգետիկ ռեսուրսների մատակարարման միջոցով հնարավոր է ստիպել Եվրոպային աչք փակել այն ռասիստական, ագրեսիվ ծավալապաշտական հռետորաբանության և համապատասխան գործողությունների վրա, որոնք վերջին երեք տարիների ընթացքում իրականացվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Եվրախորհրդարանի բանաձևը հռչակում է նաև, որ հնարավոր են թիրախային և անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ։ Սա իրապես կարող է զսպող գործիք հանդիսանալ ադրբեջանական վարչակարգի համար, սակայն արդարացի կլիներ, որպեսզի ադրբեջանական բռնատիրական և ցեղասպան վարչակարգը պատժվեր արդեն իսկ գործված հանցանքների համար։

Ադրբեջանում ազատության մեջ են և անգամ հերոսացվում ու որպես օրինակ են փառաբանվում հայերի նկատմամբ բռնություններ իրականացրածները՝ սկսած 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության դահիճներից մինչև Կամիլ Զեյնալլը և ռամիլսաֆարովական այլ քրեական զանգվածներ։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևերը։ Եկել է խոսքից գործին անցնելու և մեր տարածաշրջանում հասունացող բռնատիրության տարածման փորձերը կանխելու ժամանակը։ Այնուհանդերձ, մենք կրկին կոչ ենք անում ինչպես Եվրախորհրդարանին, այնպես էլ միջազգային հեղինակավոր այլ կառույցներին և իրավարար կազմակերպություններին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների պատճառների շարքում ներառել նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի և 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականացված էթնիկ զտումներն և ցեղասպան գործելակերպը։ Մենք վստահ ենք, որ ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացված մարդու իրավունքների համակարգային ոտնահարումները պետք է համարժեք պատասխան ստանան, այլապես դրանք շարունակաբար կկրկնվեն, ինչպես անցած երեք տասնամյակների ընթացքում»։

Նմանատիպ նյութեր