211652_close_icon
views-count49886 դիտում article-date 18:38 03-03-2024

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի կարգադրությամբ ժամերի ընթացքում ձորակում կուտակված մի քանի տոննա աղբը հեռացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ը մարտի 1-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում տիրող հակասանիտարական վիճակի մասին, երբ ձորակը վերածվել էր մինի աղբանոցի, որտեղ թափված էր շինարարական ու կենցաղային աղբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի կարգադրությամբ թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները ողջ տարածքից հեռացրեցին աղբը։

Հեռացվել է մոտ 3 բեռնատար աղբ, որից հետո ճանապարհի որոշ անբարեկարգ հատվածներ էլ հարթեցվել են։

Այդ ամենից հետո թաղապետարանը ցուցանակներ է տեղադրել նշված վայրում, որպեսզի որոշ «խոզի հոգեբանությամբ» ապրող քաղաքացիներ գոնե ցուցանակը տեսնելուց հետո տարածքը չաղտոտեն, իսկ առաջիկայում նշված վայրում տեղադրվելու են տեսախցիկներ, ինչը հնարավորություն կտա կարճ ժամանակում հայտնաբերել փնթիներին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաճախ է վարչական շրջանների ղեկավարների առջև խիստ պահանջներ դնում, որ պետք է հետամուտ լինել, որպեսզի իրենց սպասարկող վարչական տարածքներում քաղաքացիները կենցաղային ու շինարարական աղբով չաղտոտեն տարածքները: Այդ հանձնարարականները Տ. Ավինյանը ստացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Ցավոք, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի համար ՀՀ վարչապետի ու Երևանի քաղաքապետի հանձնարարականները ասես գրոշի արժեք չունենան, հակառակ դեպքում իր ղեկավարած վարչական շրջանում որոշ ճանապարհների չէր տիրի գարշահոտություն ու լցված չէր լինի շինարարական ու կենցաղային աղբով:

Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող հատվածում՝ աջ և ձախ կողմերում, ձորակը լցված էր շինարարական ու կենցաղային աղբով, իսկ այդ ամենը երկնքից չէր թափվել, դրա հեղինակը քաղաքացին էր, իսկ այդ վայրից Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատավայր 2 կմ էլ չկա, ու  Նուբարաշենի թաղապետ Ա. Գասպարյանը դժվար թե տեղեկացված չլիներ այդ հատվածում տիրող իրավիճակի մասին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր