211652_close_icon
views-count667 դիտում article-date 21:28 26-02-2024

ՆԳ նախարարն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը․ քննարկվել են ոլորտի բարեփոխումները

Փետրվարի 26-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։  

Ողջունելով հյուրերին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը:

ՆԳ նախարարն անդրադարձել է Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգին՝ նշելով, որ համակարգի միջոցով հետընդունման հայցեր ներկայումս ստացվում են ԵՄ 15 երկրներից, այդ թվում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության 16 երկրամասերի՝ միգրացիոն հարցերով զբաղվող մարմիններից։

Վահե Ղազարյանը ներկայացրել է 120 ապաստան հայցողների համար Հայաստանում նոր կենտրոնի կառուցման ընթացիկ աշխատանքները, նաև այդ ուղղությամբ աջակցության համար շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև միջազգային գործընկերներին, մասնավորապես՝ Եվրոպական Միությանը՝ ինչպես Ներքին գործերի նախարարության ստեղծմանը նախորդող, այնպես էլ կայացման ու զարգացման հաջորդող ժամանակահատվածներում ցուցաբերած աջակցության համար:

Վահե Ղազարյանը կարևորել է Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքները՝ մասնավորապես ընդգծելով ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հետ կապված պայմանավորվածությունները։
Պատվիրակության ղեկավար Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ներկայացրել այցի նպատակը։

Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և նշել, որ տպավորված է ներքին անվտանգության ոլորտի արագ և արդյունավետ բարեփոխումներով։

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի, ինտեգրման, հետընդունման և վիզաների ազատականացման գործընթացի ուղղությամբ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կատարած աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարությունում, մասնավորապես՝ Ոստիկանության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայություններում ընթացող բարեփոխումներին:

Ներկայացվել են նաև իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումները։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր