211652_close_icon
views-count796 դիտում article-date 19:35 22-02-2024

ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են երիտասարդ մասնագետների հետ

Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի 2024 թվականի ընտրված մասնակիցները փետրվարի 22-ին հանդիպել են ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը խոսել են Հայաստանի կառավարման մոդելի, պետության ռազմավարական ուղղությունների մասին: «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ հայի ինքնության համար տարբեր երաշխիքներ գոյություն ունեն, որոնցից են պետական արդյունավետ կառավարումը, ժողովրդավարական հիմունքների սերմանումը, իրավունքի գերակայությունը, դատական իշխանության անկախությունն ու անաչառությունը, ԶՈՒ մարտունակությունը, ուժային մարմինների արդյունավետ գործունեությունը, լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականությունը եւ սոցիալական արդարությունը»,- ասել է խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Սեյրան Օհանյանը պատասխանել է նաեւ ծրագրի մասնակիցների` Հայաստանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությանը, մարտահրավերներին, ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-ՌԴ հարաբերություններին վերաբերող հարցերին:

Երիտասարդ մասնագետների հաջորդ հանդիպումը եղել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ:

«Կարծում եմ, որ ծրագիրը բավականին արդյունավետ է, ինչի շնորհիվ երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու պետական կառավարման մարմինների, մասնավորապես` Ազգային ժողովի աշխատանքներին»,- ողջունելով ներկաներին` ասել է խմբակցության ղեկավարը:

Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի երիտասարդ մասնագետների հերթական հոսքը, որը նպաստում է պատգամավորների ու ԱԺ աշխատակազմի աշխատանքի արդյունավետությանը: Նա պատասխանել է ծրագրի մասնակիցների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հռոմի ստատուտի վավերացմանը, ՀՀ անվտանգային իրավիճակին, ընթացող բարեփոխումներին, արտաքին հարաբերություններում վարվող քաղաքականությանը:

Երիտասարդ մասնագետների հետ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Պատգամավորը, մասնավորապես, անդրադարձել է առաջնորդության թեմային` օրինակ բերելով Ջոն Մաքսվելի տեսության հինգ մակարդակները: Նա խոսել է նաեւ հաջողության հասնելու ճանապարհի մասին` նշելով, որ հաջողությունը կարգավիճակ չէ, այլ` գործընթաց:

Հայկ Մամիջանյանն անդրադարձել է երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, խորհրդարանական դիվանագիտությանը, խոսել իրականացված բարեփոխումների` իր ձեւակերպմամբ` բացասական կողմերի մասին: Պատգամավորը պատասխանել է նաեւ հնչեցված հարցերին:

Նմանատիպ նյութեր