211652_close_icon
views-count991 դիտում article-date 20:42 02-11-2023

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խորհրդարանական երիտասարդ մասնագետների ծրագրի» մասնակիցների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 2-ին հանդիպել է «Խորհրդարանական երիտասարդ մասնագետների ծրագրի» չորրորդ սերնդի հետ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը շատ կարեւոր առաքելություն է իրականացնում՝ իր մոտիվացիոն ծրագրերի միջոցով հայտնաբերելով խելացի եւ պատրաստակամ երիտասարդների: Ալեն Սիմոնյանը նշել է, որ համագործակցությունը տալիս է սպասված արդյունքը, եւ տեղյակ է, որ Ազգային ժողովում փորձաշրջան անցած շատ երիտասարդներ անմիջապես հետո անցել են ոլորտային եւ մասնագիտական աշխատանքի:

ԱԺ նախագահի խոսքով ծրագրի մասնակիցների՝ Ազգային ժողովում ձեռք բերած փորձն աշխատանքային ինքնակենսագրության համար շատ լուրջ տող է:

«Ազգային ժողովում ձեր ձեռք բերած փորձը համարեք շատ անհրաժեշտ ներդրում ձեր ամբողջ աշխատանքային կյանքի համար: Սա հնարավորություն է, որը պետք է ճիշտ օգտագործել»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Նա հավաստիացրել է, որ ցանկացած մեկնարկային հնարավորություն ամեն մեկը յուրովի է ընկալում, խելացի մարդկանց հաջողվում է մաքսիմալ օգտվել դրանից: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ մասնակիցներից է կախված, թե ինչ կվերցնեն Ազգային ժողովում անցկացրած ամիսներից:

ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել ծրագրի մասնակիցներին:

Երիտասարդ մասնագետները շնորհակալություն են հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հանդիպման համար:

Ծրագրի մասնակիցները ներկայացրել են աշխատանքի հիմնական ուղղությունները՝ քաղաքացիների հետ աշխատանք, օրենսդրական նախագծեր, խորհրդարանական դիվանագիտություն, հետազոտական եւ վերլուծական աշխատանքներ, մամուլի մշտադիտարկում, հասարակայնության եւ հանրության հետ աշխատանք:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, լսելով երիտասարդ մասնագետների՝ վերջին ամիսներին իրականացրած աշխատանքների ներկայացումը, հետաքրքրվել է, թե երիտասարդ մասնագետներն ինչ կփոխեին խորհրդարանում: Առաջարկ է հնչել Ազգային ժողովում ստեղծել մոնիտորինգային խումբ, որը պատգամավորների համար մոնիտորինգ կանի, եւ պատգամավորները, իրենց կամ արտաքին բլոկին վերաբերող այս կամ այն լուրը ստանալու համար ստիպված չեն լինի թերթել լրահոսը:

«Խորհրդարանական երիտասարդ մասնագետների ծրագիրն» իրականացնում է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ եւ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության արդյունքում: Ծրագիրը նպատակ ունի հայաստանյան երիտասարդ մասնագետներին մոտ բերելու խորհրդարանին, ծանոթացնելու օրենսդիրի ամենօրյա աշխատանքին եւ խորհրդարանական ժողովրդավարությանը:

Երիտասարդներին ընձեռվում է եզակի հնարավորություն՝ աշխատելու պատգամավորների հետ, հանձնաժողովներում եւ աշխատակազմի վարչություններում՝ գործնականում կիրառելու իրենց գիտելիքները եւ հմտությունները:

Նմանատիպ նյութեր