211652_close_icon
views-count61680 դիտում article-date 14:07 20-02-2024

Կրակոց՝ Երևանում. վիրավոր կինը իր ավտոմեքենայով «Դվին» հյուրանոցային համալիրից հասել է մինչև «Նաիրի» բժշկական կենտրոն. ավտոմեքենայում հայտնաբերվել են արնանման հետքեր և կրակված պարկուճ. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 19-ին կրակոց է հնչել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին  գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցային համալիրի հարևանությամբ կրակոց է հնչել և հրազենային վիրավորում ստացած քաղաքացի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանն ու ոստիկանության կենտրանական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը:

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ ստորին վերջույթի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Ռուզան Ս.-ն է:

Տեղում ոստիկանները պարզում են, որ վերջինս իր կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենայով վիրավոր վիճակում եկել էր «Նաիրի» բժշկական կենտրոն և նրան հայտնաբերել են բժիշկները հիվանդանոցին կից ավտոկայանատեղիում:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր և կրակված 1 պարկուճ:

«Նաիրի» բժշկական կենտրոնում բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել են «էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանները պազել են նաև, որ նույն օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում, Ռուզան Ս-ի և Երևանի բնակիչ 26-ամյա Վահագն Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել Ռուզան Ս.-ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:  

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնի խումբը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանները ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Վահագն Ա.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր