211652_close_icon
views-count1051 դիտում article-date 15:05 16-02-2024

ՊԵԿ-ը պարզաբանել է արտագնա աշխատողների հարկվելու վերաբերյալ լուրերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով «արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիներին հարկելու» թեմայով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումները, անհրաժեշտ է համարում հայտնել, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել  և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով:  Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները:  Իսկ, եթե Հայաստանում առաջանում է վճարման ենթակա եկամտային հարկ, ապա նրանք պարտավոր են ինքնուրույն հաշվարկել այն և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը, բա­ցա­ռա­պես էլեկ­տրո­­նա­­յին եղա­նակով, հարկային մար­մին ներ­կա­յացնել եկամտային հարկի տարեկան հաշ­վար­կ:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև հարկային օրենսդրության պահպանման և այդ բնագավառում խախտումների դեմ պայքարի հարցերով համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները Աստանա քաղաքում 2018 թվականի նոյեմբերի 2-ին կնքել են «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետությունում վավերացվել է 2020թ. փետրվարի 12-ին: Նշված արձանագրության շրջանակում հարկային մարմինը ստացել է տեղեկատվություն` ԱՊՀ անդամ պետություններում ֆիզիկական անձանց ստացած եկամուտների մասով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ծանուցումներ է ուղարկել ՀՀ հարկային օրենսդրության համաձայն հարկեր հաշվարկելու և վճարելու պարտականություն ունեցող քաղաքացիներին՝ զերծ մնալով կոշտ վարչարարությունից: Միաժամանակ, Կոմիտեն պատրաստակամություն է հայտնում, մեղմ վարչարարության շրջանակում, թեմայի շուրջ քննարկումներ ծավալել հարկային օրենսդրության կարգավորումների մասով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ գրել էինք, որ Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները փաստի առաջ են կանգնել։ Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։

Նմանատիպ նյութեր