211652_close_icon
views-count982 դիտում article-date 20:05 14-02-2024

ՆԳՆ ոստիկանության ծառայողները Հռոմի ոստիկանության ակադեմիայում վերապատրաստման դասընթացներ են անցել

2023 թ. դեկտեմբերի 6-ին Իտալիա կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Իտալիայի պետական ոստիկանության ղեկավար Վիտտորիո Պիսանիի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել 2024 թ. ընթացքում Իտալիայի Հանրապետությունում վերապատրաստել 20 ոստիկանների, որոնք կզարգացնեն իրենց կարողությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության իրականացման ոլորտում։

Պայմանավորվածության շրջանակում ՆԳՆ ոստիկանության մի խումբ ծառայողներ փետրվարի 5-ից 9-ը «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար» թեմայով վերապատրաստում են անցել Իտալիայի Հռոմ քաղաքի ոստիկանության ակադեմիայում:

Վերապատրաստման դասընթացների առաջին երեք օրը մասնակիցներին ներկայացվել են հանցավոր խմբավորումների դեմ պայքարի մեխանիզմները և թմրամիջոցների անօրինական շրջանառության մեջ նրանց ներգրավվածությունը, Իտալիայի Հանրապետությունում հիմնական տարածված թմրամիջոցներն ու դրանց անօրինական շրջանառության դեմ Իտալիայի իրավապահ մարմինների պայքարի առաջավոր փորձը: Քննարկվել են նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տարածվածության ու դրանց հակազդման մեխանիզմներն ու այդ հանցատեսակների կապը թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ:

Փետրվարի 8-ին վերապատրաստման դասընթացների մասնակիցներն այցելել են Իտալիայի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն, որտեղ ծանոթացել են կենտրոնի աշխատանքներին, սարքավորումներին ու թմրամիջոցների փորձաքննության իրականացման ձևերին:

Փետրվարի 9-ին ամփոփվել են վերապատրաստման արդյունքները: Մասնակիցներին վկայականների հանձնման արարողությանը առցանց հետևել են ԵԱՀԿ ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր