211652_close_icon
views-count649 դիտում article-date 07:14 14-02-2024

ՔՊ-ական պատգամավորը նախարարության ֆունկցիա է վրան վերցրել. ո՞վ պետք է պատժվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Պաշտպանության նախարարության գործառույթներն իրեն է վերապահել ու շտապում է ՊՆ-ից առաջ պաշտոնական տեղեկություններ հաղորդել: Այսպիսով, երեկ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում տեղի ունեցած սահմանային միջադեպի ընթացքում ՊՆ-ն առավոտից պարբերաբար պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես գալիս՝ կոչ անելով հետեւել միայն պաշտոնական լրահոսին: Եւ, ահա, Անդրանիկ Քոչարյանը, առաջ ընկնելով պաշտպանական գերատեսչությունից, խախտելով ՊՆ սահմանած կարգը, հայտարարեց, որ հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի:

Շեշտենք, որ սահմանային միջադեպերի մասին պաշտոնական տեղեկություն հաղորդելու լիազորություն ունի բացառապես ՊՆ-ն. դա պատգամավորի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործառույթների մեջ չի մտնում: Ավելին՝ երբ սահմանային միջադեպից հետո տվյալ համայնքի ղեկավարը լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում տիրող իրավիճակից, իշխանություններն անմիջապես աղմուկ են բարձրացնում, որ մարզպետն իրավասու չէ սահմանային իրավիճակի մասին տեղեկություն տալ:

Փաստացի երեկ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը փորձեց մրցակցության մեջ մտնել ՊՆ-ի հետ ու առաջինը տեղեկություն տալ զոհերի մասին: ՔՊ-ական պատգամավորը, որը նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, չարաշահելով իր դիրքը, ՊՆ-ի փոխարեն, ինքն է առաջինը զոհերի թիվը հայտնում:

«Ժողովուրդ» օրաթերթն այս խայտառակ փաստի առնչությամբ դիմեց ՊՆ՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում, որ իշխանական պատգամավորը, իրենց փոխարեն, առաջինն է պաշտոնական տեղեկություն տալիս, սակայն ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հրաժարվեց մեկնաբանել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր