211652_close_icon
views-count487 դիտում article-date 13:17 13-02-2024

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր «ավանդական» հանցավոր, ագրեսիվ պահվածքից․ Էդմոն Մարուքյան

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր «ավանդական» հանցավոր, ագրեսիվ պահվածքից և նախ չստուգված, միակողմանի, կեղծ լուրեր է տարածում, իսկ հետո պատրաստի գործողություն իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդում այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից իրականացված հարձակմանը և կոչ անելով միջազգային հանրությանը զսպել Բաքվի ագրեսիվ ու հանցավոր պահվածքը։

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հայտարարության համաձայն ՝ այս գիշեր իրենք «Հատուցում» գործողությունն են իրականացրել՝ հարձակվելով Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված սահմանապահ դիրքերի վրա, ինչի հետևանքով երկու հայ զինծառայող է սպանվել, ևս մի քանիսը՝ վիրավորվել:

Նախ Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմից կրակ է բացվել, իբրև վիրավոր է եղել, հետո հայկական կողմը հայտարարում է, որ հետաքննելու է միջադեպը, իսկ ադրբեջանական կողմը հարձակվում է, սպանում և վիրավորում է մարդկանց ՝ չսպասելով որևէ հետաքննության՝ դրանով իսկ ցույց տալով, որ իրենք պատրաստ են եղել հարձակման և պարզապես պատճառ էին փնտրում:

Այսպիսով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր «ավանդական» հանցավոր, ագրեսիվ պահվածքից և նախ չստուգված, միակողմանի, կեղծ լուրեր է տարածում, իբր հայկական կողմից կրակոցներ են եղել, իսկ հետո պատրաստի գործողություն է իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքում ՝ սպանելով և խեղելով նոր կյանքեր:

Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողություների այս շղթան պետք է դադարեցվի։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից իրականացվող այս զազրելի, չհրահրված գործողությունների շղթան և կոչ անի Ադրբեջանին դուրս բերել իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 215 քկմ-ից, ինչը փաստացի ագրեսիա և սադրանք է Հայաստանի դեմ»,- գրել է Մարուքյանը՝ հրապարակման մեջ նշելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօր՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում։

Նմանատիպ նյութեր