211652_close_icon
views-count3055 դիտում article-date 20:01 01-01-2024

ԱՄԷ-ում ամանորյա հրավառությունը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել

ԱՄԷ-ի Ռաս ալ-Խայմա էմիրության ամանորյա հրավառությունը Գինեսի ռեկորդների գրքում է ներառվել միանգամից երկու անվանակարգում՝ որպես ջրի վրա հրավառության ամենաերկար շարան և որպես երկնքում հրավառության ամենաերկար շարան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռաս ալ-Խայմայի զբոսաշրջության զարգացման վարչությունը։

Ցուցադրությունը տեղի է ունեցել Ալ-Մարջան արհեստական ​​արշիպելագի և Ալ-Համրա տարածքի միջև 4,5 կմ երկարությամբ ափի վրա։ Բացի ջրի վրա տեղադրված հրավառություններից, կիրառվել են նաև ավելի քան 1 հազար պիրոտեխնիկական և լուսադիոդային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև օդային թռիչքներ կատարող թեթև ինքնաթիռներ։

Միջոցառման ընթացքում անօդաչու սարքերը օդում ցուցադրել են ֆիգուրներ, որոնց հիմնական բաղադրիչներն էին անապատը, Պարսից ծոցի ափերը և Հաջար լեռները: Անօդաչուների շարժումները ներդաշնակ էին հատուկ ամանորյա շոուի համար ստեղծված երաժշտության հետ։

Մոտ 50,000 մարդ դիտել է ութրոպեանոց ներկայացումը։

Նմանատիպ նյութեր