211652_close_icon
views-count1369 դիտում article-date 15:24 01-12-2023

Լարսից Հայաստան վերադարձվող մեքենաների քանակն ավելանում է, բայց իրավիճակի փոփոխություն կլինի. Մաքսային կցորդ. Tert.am

Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների մուտքի հետ կապված խնդիրները դեռ չեն վերացել, ավելին՝ Ռուսաստանի սահմանիրց հետ վերադարձող հայկական գյուղմթերքով բեռնված մեքենաների թիվը գնալով ավելանում է։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ հստակեցնելով, որ վերջին մեկ օրվա ընթացքում հետ վերադարձող բեռնատարների թիվն ավելացել է 10-ով։

Նրա տվյալներով՝ այս պահի դրությամբ արդեն 60-70 բեռնատար է Հայաստան վերադարձել, դեռ շատերն էլ հերթում են՝ սպասելով փորձաքննության արդյունքներին՝ կկարողանան ապրանքը ռուսական շուկա հասցնել, թե հետ կբերեն։
«Ռոսսելխոզնադզորը մի շարք պահանջներ է ներկայացրել հայկական ապրանքների որակական հատկանիշների վերաբերյալ։ Ասում են, որ իրենց որակական պահանջներին հայկական բեռները չեն համապատասխանում։ Եղել են տնտեսվարողներ, ովքեր նշում են, որ իրենց ապրանքներում խնդիրներ են եղել, մեծ մասի պնդմմաբ էլ՝ նման բան բացառված է»,- ասաց Հակոբյան։

Բայց ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդը լավատես է․ հուսով է՝ շուտով խնդիրը կկարգավորվի։ Նրան լավատեսություն է ներշնչել հայկական և ռուսական կողմերի հանդիպումը։

Վահան Հակոբյանի տեղեկություններով՝ Ռոսսելխոզնադզորի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են և իրավիճակը կարգավորելու ուղղությամբ փորձում են լուծումներ գտնել։
«Ռոսսելխոզնադզորը  և ՍԱՏՄ-ն պետք է աշխատեն վիճելի հարցերի շուրջ, թե ինչու են խնդիրներ առաջացել, ինչպես պետք է այն լուծել։ Հույս ունեմ, որ մոտ օրերս կունենաք իրավիճակի փոփոխություն, աշխատանքներ են տարվում, ինչի արդյունքներում նաև նոր հանդիպումներ պլանավորվում»,- փոխանցեց նա։

Հիշեցնենք, որ Լարսում 100-ավոր բեռնատարներ չեն կարողանում անցնել Ռուսաստանի սահմանը: Պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկով և այլ սննդամթերքով բեռնված ավտոմեքենաները անցակետում գտնվող Ֆիտոսանիտարական կետում խիստ վերահսկողություն են անցնում:

ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ (Ռոսսելխոզնադզոր) պարզաբանել էր, որ Հայաստանից սարտահանված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափը գերազանցելու 5 դեպք է հայտնաբերվել, ինչը կարող է վկայել արտադրողների կողմից թունաքիմիկատների օգտագործման կանոնակարգի խախտման մասին։

Բացի այս, ռուսական պետական կառույուցը նշել էր, որ հայկական գյուղմթերքում նաև վնասատուներ են հայտնաբերվել։

ՍԱՏՄ-ն էլ մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը։

Հավելենք նաև, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան հայտնել էր, որ առաջիկայում հարցի վերաբերյալ քննարկումներ են լինելու։ Թեև նախարարը Վերին Լարսում ստեղծված իրավիճակում քաղաքական տարրեր չի տեսնում, բայց մտահոգիչ է համարում, որ հայկական բեռները հետ են վերադարձվում։

Քերոբյանը միևնույն ժամանակ հայտարարել էր, թե ստեղծված իրավիճակը լավ առիթ է, որ որպեսզի արտադրողները վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները և նոր շուկաներ գտնեն։

Նմանատիպ նյութեր