211652_close_icon
views-count1126 դիտում article-date 17:38 14-11-2023

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը փոխարինվել է «Նոր փաստաթուղթ՝ նոր կորուստներ» կարգախոսով. Տիգրան Աբրահամյան

Արցախից հետո Ադրբեջանը կենտրոնացել է Հայաստանի դեմ տարածքային հավակնությունների իրացման վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի առաջնային պահանջը հայտնի ութ գյուղերի՝ անկլավների հանձնումն է. «ՀՀ իշխանությունների՝ այդ գյուղերի հանձնման պատրաստակամության պայմաններում Ադրբեջանն այդ հարցը ոչ թե փորձում է քննարկել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի շրջանակներում, այլ՝ ուղիղ տարածքային պահանջ է ներկայացնում»,- ասաց Աբրահամյանը։

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի՝ Հայաստանի գլխին իջեցրած օրակարգի պայմաններում Ադրբեջանը նպատակ ունի սահմանի ճշգրտման թեման դուրս բերել ՀՀ այն տարածքներ, որոնք օկուպացրել են 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով՝ Ջերմուկ, Ներքին Հանդ, Տեղ, Իշխանասար, Սև լիճ, Կուտական և այլն։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն ասաց, թե այն, ինչ Հայաստանի իշխանությունն անվանում է խաղաղության պայմանագիր, ոչ թե խաղաղության, այլ՝ Հայաստանին դեմ տարվող նոր տարածքային պահանջների մասին փաստաթուղթ է։

«Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական հարցերում տարվող քաղաքականությունը բերել է հասցրել է նրան, որ դեռևս 2019 թվականին հռչակած «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը փոխարինվել է՝ «նոր փաստաթուղթ, նոր կորուստներ» կարգախոսով:

Ինչքան շատ է իշխանությունը խոսում խաղաղության մասին, այնքնա շատ է մեր երկիրը տարածքային և մարդկային կորուստներ արձանագրում: Սա ես չեմ ասում, սրա մասին խոսում է վիճակագրությունը ու այս իշխանության ժամանակ մեծ տեմպերով փոքրացող մեր հայրենիքի ողբերգական փաստը:

Սեփական երկիրը սակարկման դրած իշխանությունը հաջողելու որևէ շանս չունեն, որովհետև այդ մոտեցումը, միջազգային դերակատարների անարգանքներին ու լռությանն են բերում, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմին գործելու լայն դաշտ բացում»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր