211652_close_icon
views-count931 դիտում article-date 21:44 09-11-2023

ՀՀ յոթ համայնքներ ստացան նոր տեխնիկա և արդեն կարող են արդյունավետ ծառայություններ մատուցել բնակիչներին

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, Սոցիալական ներդրումների և զարգացման ծրագրի շրջանակում, ՀՀ յոթ համայնքներ կառավարության և Համաշխարհային բանկի ու համայնքների համաֆինանսավորմամբ ստացան գյուղտեխնիկա, կոմունալ սարքավորումներ և արևային ֆոտովոլտային կայաններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնական ֆինանսավորմամբ ծրագրերն իրականացվել են 2018-22 թվականներին։ Այժմ իրականացման փուլում է լրացուցիչ ֆինանսավորմամբ 2023 թվականի համար նախատեսված ծրագիրը, որից օգտվելու են 35 խոշորացված համայնքներ։ 

Լրացուցիչ ֆինանսավորմամբ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7,2 միլիարդ դրամ, որի շրջանակում այսօր մասնավորապես Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Արագածոտնի մարզի Թալին և Մեծաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան և Վարդենիս, Շիրակի մարզի Աշոցք և Արթիկ համայնքներին, ըստ նրանց առաջնային կարիքների, հատկացվեցին 1․4, 2 և 3 քարշակ դասի անիվավոր տրակտորներ, կոմունալ հրիչներ, բեռնիչ ունիվերսալ սարքավորումներ, խոտի հակավորիչ, մոտոբլոկ խոտհնձիչ, ձյուն մաքրող ունիվերսալ ամրացումով ռոտոր, կարտոֆիլատնկիչ և կարտովիլահանիչ կցորդներ, ունիվերսալ ամրացումով խոզանակ սարքավորում, չորս խոփանի ազոտային և մեխանիկական գութաններ, կուլտիվատոր, շարքացան, խոտի հակավորիչ-մամլիչ։ 

ՀՀ տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ սա բազմաթիվ նախաձեռնություններից մեկն է, և տվյալ ծրագիրը մի քանի տարի է, ինչ իրականացվում է մեր հանրապետությունում։ 

«Հայաստանում տեղի է ունեցել համայնքների խոշորացման գործընթաց, և մենք հասկացել ենք, որ թեև խոշորացված համայնքների հնարավորությունները մեծանում են, բայցևայնպես դրան զուգահեռ մեծանում են նաև խնդիրները, ուստի կառավարությունը տարբեր մեթոդներով աջակցում է համայնքներին՝ առաջ եկած խնդիրների կարգավորման կամ ծառայությունների մատուցման ուղղությամբ։ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվում է ծրագիր, որի արդյունքում միավորված, խոշորացված համայնքներում կատարվել են կարևոր աշխատանքներ, որոնց անհրաժեշտության մասին հուշել են հենց համայնքները հանրային լսումների, մասնակցային կառավարման կամ ավագանու միջոցով։ Կան համայնքներ, որոնք ցանկացել են, օրինակ, ջրագիծ ունենալ իրենց հասանելի գումարի շրջանակում, մյուսները ցանկացել են մանկապարտեզ, արևային կայաններ ունենալ, բայց գերակշռող են այն համայնքները, որոնք հիմնականում ցանկանում են ձեռք բերել գյուղտեխնիկա կամ շինարարական տեխնիկա»,- ասաց Սանոսյանը։ 

Նախարարը հայտնեց, որ նախորդ տարիների ընթացքում համայնքներին հատկացվել է մի քանի հարյուր միավոր տարատեսակ տեխնիկա տարբեր աշխատանքներ իրականացնելու համար։

«Վաղը նշվելու է մեր ՏԻՄ-երի հիմնադրման 27 ամյակը, ըստ այդմ՝ կառավարություն-համայնքներ համագործակցությունը ոչ միայն լավ ընթանում է, այլև փորձ է արվում խորացնել այդ համագործակցությունը՝ գնահատելով համայնքների կարիքներն ու խնդիրները, որոնց լուծման գործին ցանկանում է միանալ նաև կառավարությունը։ Այս ծրագրով մեր համայնքների կյանքում կարձանագրվեն որակական նոր փոփոխություններ, որովհետև նրանք իսկապես ունեն հատկացվող տեխնիկայի կարիքը։ Վերջնանպատակն այն է, որ համայնքները լինեն լավ սպասարկված՝ սկսած աղբի հավաքումից, փողոցների մաքրումից, վերջացրած գյուղատնտեսական աշխատանքների խթանմամբ»,- ասաց ՏԿԵ նախարարը։ 

Միջոցառմանը ներկա Մեծաձոր համայնքի ղեկավար Մրազ Միրոյանն ասաց, որ իրենց հատկացված գյուղտեխնիկան զգալիորեն կթեթևացնի գյուղացիների հոգսը, որովհետև նախկինում համայնքը չուներ սեփական տեխնիկա և աշխատանքներն իրականացվում էին բացառապես վարձակալության սկզբունքով։ 

«Մեր համայնքում խնդիրները շատ են, դրանք փորձում ենք հերթականությամբ լուծել և այդ գործում մեզ մեծապես օգնում են համայնքային զարգացման սուբվենցիոն ծրագրերը։ Դրանց կարիքը մեծապես զգում էինք։ Մեր խոշորացված համայնքն ընդգրկում է երկու գյուղ, բնակիչները պարտաճանաչ կերպով վճարում են հողահարկը  և հիմա ավելի արդյունավետ կիրականացնեն իրենց աշխատանքները»,- ասաց Միրոյանը։ 

Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն իր հերթին նշեց, որ իրենց հատկացված տեխնիկան նախևառաջ ծառայեցնելու են վարուցանքի աշխատանքներին, առավել ևս, որ տարածաշրջանում զարգացած է անասնապահությունն ու հողագործությունը։

«Պետությունը կատարեց մեզ համար շատ կարևոր քայլ, մանավանդ որ մեր ավտոպարկը վաղուց հնացել էր։ Իհարկե ունենք գյուղեր, որոնք զուրկ չեն տեխնիկայից, սակայն դրանք մեծամասամբ անսարք ու անմխիթար վիճակում են։ Ավելի լավ է նոր տեխնիկա օգտագործել, քան մեծ գումարներ ծախսել՝ արդեն հնացած, իր դարն ապրած տեխնիկան վերանորոգելու համար»,- նշեց Սափեյանը։  

Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բրասեղյանն էլ ասաց, որ գյուղտեխնիկան իրենց հատկացվեց ճիշտ ժամանակին, որովհետև այս սեզոնին է իրականացվում ամենապահանջված մշակաբույսի՝ կարտոֆիլի բերքահավաքը։

«Այս տարի մեր հողատարածքներն ապահովեցին միջին բերքատվություն։ Տարին եղանակային առումով անբարենպաստ էր։ Մեզ հատկացված գյուղտեխնիկայի շնորհիվ արդեն կարող ենք մի շարք համայնքներում օրական տասնյակ հեկտարներ մշակել, մանավանդ որ կարտոֆիլի ցանքը անհամեմատ շատ է։ Գյուղացիների հոգսն, ինչ խոսք, կթեթևանա, քանի որ տեխնիկան տարեցտարի թարմացվում է»,- ասաց Բարսեղյանը։  

Իսկ Շիրակի մարզի ներկայացուցիչներին հատկապես ոգևորել էր այն հանգամանքը, որ իրականացվող ծրագրի շրջանակում իրենց հատկացվող տեխնիկայի շնորհիվ ամենացուրտ համայնքները ձմռան ամիսներին կկարողանան կարգավորել ձնամաքրման հետ կապված կոմունալ աշխատանքները՝ արդյունավետ ծառայություններ մատուցելով տեղի բնակչությանը։ Նախկինում տեխնիկան օգտագործվում էր բացառապես վարձակալական հիմունքներով, իսկ հիմա Աշոցքն ու Արթիկն ունեն արդեն իրենց սեփական տեխնիկան։      

ՏԿԵ նախարարը հավաստիացրեց, որ համայնքներին համապատասխան տեխնիկայի հատկացման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, առավել ևս, որ 2021 թվականին խոշորացված նոր համայնքներում արդեն գույքագրվել են առաջնային կարիքներն ու խնդիրները։ 

Նմանատիպ նյութեր