211652_close_icon
views-count5333 դիտում article-date 00:39 07-11-2023

Եթե քաղաքացին գտնվում է հետախուզման մեջ, բայց ցանկանում է գալ և ծառայել զինված ուժերում՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից, նրան ընձեռվում է նման հնարավորություն․ Հայկ Սարգսյան

Նոյեմբերի 6-ին Մեդիա Կենտրոնում կայացվա ասուլիս «Վճարել 15 միլիոն և ազատվել բանակից ու քրեական պատասխանատվությունից․ նոր նախագիծ» թեմայով։ Բանախոսներն էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

Օրենքի նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ Օրենքը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Ըստ նախագծի՝ ծառայությունից խուսափած անձինք պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։ Սարգսյանը վստահ է՝ նոր օրենքը բազմաթիվ երիտասարդների հնարավորություն կտա հայրենիք վերադառնալ, բացի այդ լրացուցիչ գումարներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե, ինչը նաև կամրապնդի Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը։

«Եթե ներկայացվող նախագիծը մերժվի, ապա գործող կարգավորումների պարագայում մեր հայրենակիցներից շատերը չեն վերադառնա Հայաստան, կսպասեն, մինչև կլրանա իրենց 37 տարին, ինչից հետո նրանց դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն վաղեմության հիմքով, և պետությունը նրանցից ընդհանրապես որևէ օգուտ չի ստանա»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով սոցիալական արդարության հետ կապված խնդրին, թե հարուստները կարող են ինդուլգենցիայի սկզբունքով կոնկրետ գումարի դիմաց ազատվել պատասխանատվությունից՝ ի տարբերություն նրանց, որոնք չունեն բավարար միջոցներ և հնարավորություն, Սարգսյանը պատասխանեց , որ համաներումը նաև սոցիալական անարդարության դրսևորում էր, քանի որ քաղաքացիների մի մասը վճարում էր որոշակի գումար և չէր ծառայում՝ ազատվելով պատասխանատվությունից, մինչդեռ մյուսները գնում էին ծառայության, զոհվում պատերազմում։

Պատգամավորը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ 2010 թվականին ժամկետային զինծառայողների թվաքանակը եղել է 44 365, իսկ 2019 թվականին՝ 24 761։ Վիճակագրական տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ ինը տարվա ընթացքում զինծառայողների թվաքանակը պակասել է գրեթե երկու անգամ։

Հայկ Սարգսյանը ընդգծում է, որ իր համար այս օրենսդրական նախաձեռնության մասին մտածելու առիթ եղել նաև այն, որ հաշվետու ժամանակահատվածում 52 տոկոսով կրճատվել է արական սեռի տղաների ծնվելու ցուցանիշը։ 


«Սա Պաշտպանության նախարարության նախագծի հետ որեւէ առնչություն չունի, եւ այն կարծիքները, որ ՊՆ-ի նախագիծը փոփոխության է ենթարկվել ու ներկայացվում է իմ կողմից, անտեղի է: Շատ հաճախ լրագրողներն ասում են, որ նախագիծը հնարավորություն է տալու 15 միլիոն դրամ վճարել եւ խուսափել ծառայելուց ու քրեական պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նախագիծը վերաբերվում է միայն 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչներին։ Նոր օրինագծով, եթե քաղաքացին գտնվում է հետախուզման մեջ, բայց ցանկանում է գալ և ծառայել զինված ուժերում՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից, նրան ընձեռվում է նման հնարավորություն, հետևաբար, անտեղի է այն պնդումը, թե նոր օրինագծով բանակում ծառայելու հնարավորություն չի տրվում»,- նշեց Սարգսյանը։


Աննա Հարությունյան

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

 

Նմանատիպ նյութեր