211652_close_icon
views-count1063 դիտում article-date 11:07 06-11-2023

«Երբ մենք պնդում ենք, որ Արցախն անկախ պետություն է, իրավաչափ է դիտարկվում նաեւ Արցախի տարածքում զինտեխնիկա ունենալն ու ռազմական գործողություններ ծավալելը». Առավոտ

«Առավոտի» զրուցակիցն է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը։

-Պարոն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս քրեական գործ հարուցեց Սամվել Բաբայանի ներկայացրած հաղորդման հիման վրա՝ Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասով։ Եվ կա այս հարցադրումը, որն եթե ՀՀ իշխանություններն Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, ՀՀ դատախազությունն ի՞նչ իրավազորություն ունի Արցախում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության վերաբերյալ քրեական գործ հարուցելու։

-Այս կարեւոր հարցը, իմ համոզմամբ, բոլորովին այլ տեսանկյունից է հնչեղություն ձեռք բերել։ Մասնավորապես, քննարկումները սահմանափակվել են տարածված այն թյուր մեկնաբանությամբ, թե ՀՀ դատախազությունն իրավասու չէր քրեական վարույթ իրականացնելու Արցախում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության փաստով։ Մինչդեռ՝ այդպիսի քրեական վարույթ կարող էր սկսվել, ինչը հստակ ամրագրված է գործող քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, քանզի, դատելով մամլո հաղորդագրություններից, խոսքը հաղորդման մեջ Հայաստանի շահերի դեմ ուղղված ենթադրյալ փաստերի մասին է։ Մասնավորապես, հաղորդումը վերաբերել է իբր զենքը, ռազմական տեխնիկան ու ռազմամթերքը թշնամուն անվնաս հանձնելուն։

Մի կողմ թողնենք այն, թե որքանով է այս հաղորդումը մոտ իրականությանը, ինչպես կարող էր Արցախն առաջինը լքածներից մեկն ունենալ այդպիսի ստույգ տեղեկատվություն, հատկապես՝ ստեղծված անասելի անվտանգային իրավիճակում զինտեխնիկան հանձնելու հանգամանքների շուրջ, մանավանդ, որ իրազեկ մարդիկ ճիշտ հակառակն են պնդում, հավաստիացնելով, որ, օրինակ, տանկերի շարժիչները վնասվել են՝ յուղն ամբողջովին թափելուց հետո, դրանք գործի մեջ դնելու միջոցով եւ այլն։ Բայց, կրկնում եմ, սրանք էական չեն այս պահին, վերջին հաշվով, քննությամբ դրանք կպարզվեն, իսկ հրապարակավ դատողություններ անելն անիմաստ զբաղմունք է։

-Այդ դեպքում, տվյալ քրեական հետապնդման հետ առնչվող ի՞նչն եք էական համարում։

-Բարի, մինչ այս ես անդրադարձա Հայաստանի շահերի դեմ ուղղված լինելու բաղադրիչին, այժմ մի փոքր մանրամասնեմ, թե ինչո՞ւ է Արցախի տարածքում զինտեխնիկայի հանձնումը դիտարկվում Հայաստանի շահերի դեմ ուղղված։ Եվ այստեղ պատրաստ եղեք, որ անցնենք հարցադրումների մի ամբողջ շղթայով։

Նախ, խոսքը ոչ թե տիրազուրկ կամ Արցախի սեփականությունը հանդիսացող զինտեխնիկայի, այլ հենց Հայաստանին պատկանող զինտեխնիկայի մասին է. հասկանալի է, որ Արցախը չէր էլ կարող զինտեխնիկա գնել։ Բայց այս դեպքում մեկ այլ հարց է ծագում՝ իսկ Հայաստանին պատկանող զինտեխնիկան ի՞նչ իրավական հիմքով էր գտնվում Արցախում։ Հստակեցնենք, որ այս տեւական շրջափուլում այդպիսի իրավական հիմք է հանդիսացել Հայաստանի եւ Արցախի միջեւ կնքված ռազմական համագործակցության համաձայնագիրը։

Ի դեպ, Հայաստանն ու Արցախը կնքել են մի քանի տասնյակի հասնող միջազգային պայմանագրեր, ինչը միանշանակ վկայում է այն մասին, որ Հայաստանը դե յուրե միանշանակ ճանաչել է Արցախի պետականությունը, եւ Արցախն անգամ ներկայացուցչություն ունի Հայաստանում։ Իհարկե, մեզանում ձեւավորվել է այն դիլետանտ դիրքորոշումը, որ պետությունը ճանաչում են հատուկ ընթացակարգով ընդունված որոշմամբ, ինչը հեռու է իրականությունից։ Ավելին, Ալմա-Աթայի 1991 թ. դեկտեմբերի 15-ի հռչակագրով մենք ոչ թե ընդունել են Արցախի ներառմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ ճիշտ հակառակը՝ հաստատել ենք, որ ընդունում ենք բացառապես այդ պահին ինքնորոշված Արցախի հաշվառմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդ որում, այդ հռչակագրում հատուկ արձանագրված է եղել իրացված «ինքնորոշման իրավունքը հարգելու» դրույթը

Ինչեւէ, Հայաստանի եւ Արցախի կապերն այս ողջ ընթացքում կառուցվել են որպես միջազգային համաձայնագրերով պետականության ինքնուրույն սուբյեկտների միջեւ ձեւավորված հարաբերություններ։ Իհարկե, երբեմն ոչ բավարար իրազեկվածության պարագայում պաթետիկ հարց են հնչեցնում, թե բա եթե արդեն միավորվել էին, էլ ինչո՞ւ էր եւ ումի՞ց էր Արցախը հանրաքվեով 1991թ. դեկտեմբերի 10-ին անկախանում։ Հիշենք, միավորումը հռչակվել էր որպես գործընթաց, ինչի համար, նախ անհրաժեշտ էր դիմել ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված կարգով անկախության հանրաքվեի։

Այժմ անցնենք հաջորդ հարցին՝ եթե Հայաստանը իրավաչափ է համարում, որ իր զինտեխնիկան գտնվել է Հայաստանից դուրս միանգամայն իրավաչափ հիմքով, ապա ինչո՞ւ են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում եւ հընթացս շարունակել զինտեխնիկան պահել Ադրբեջանի կազմում։ Հասկանո՞ւմ եք այս հարցի ողջ աբսուրդ լինելը․ Հայաստանը երկակի ստանդարտներով փորձում էր/է քայլեր անել, ինչը չափազանց վտանգավոր է դառնալու հենց այդ քայլերի հեղինակների համար։

Ուստի, երբ մենք պնդում ենք, որ Արցախը եղել է եւ կա որպես անկախ պետություն, եւ իշխանությունների հայտարարությունները որեւէ իրավական արժեք չունեն, ապա դա բխում է նաեւ նույն իշխանությունների շահերից, քանզի իրավաչափ է դիտարկվում նաեւ Արցախի տարածքում զինտեխնիկա ունենալն ու մինչ այդ ռազմական գործողություններ ծավալելը։

Չանդրադառնամ մանրամասներին, դրանք հրապարակային քննարկման նյութ չեն։ Վերջապես վերջին հարցը՝ ինչո՞ւ իրավական գնահատական չի տրվում Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ իրագործված առերեւույթ ցեղասպանությանը, երբ Միջազգային դատարանի նախկին դատախազը եւ բազում միջազգային մասնագետներ են արձանագրում, որ տեղի ունեցածը դասական իմաստով ցեղասպանություն է, ինչո՞ւ չի պարզվում պատճառված հսկայական նյութական վնասի չափերը, որպեսզի հետագայում շահեկան դիրք ապահովենք միջազգային դատական ատյաններում։ Ինչեւէ, կարծում եմ, որ նախկինում հարուցված քրեական գործի շրջանակներում այս ամենը քննելը բոլորովին այլ կշիռ ու հեռանկար ունի։

Նմանատիպ նյութեր